Բաքվում «ռազմական ավարի պուրակի» բացումը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում ճանաչելու նպատակով փաստաբան Կարեն Թումանյանը դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Փաստաբանը դիմումը ներկայացրել է 2020-ի 44-օրյա պատերազմում զոհված, անհայտ կորած զինծառայողների 6 հարազատների անունից։ Փաստաբանը փաստում է, որ «ռազմական ավարի պուրակի» բացմամբ կոնվենցիայի միանգամից մի քանի հիմնարար դրույթներ են խախտվել։
Իսկ, թե ի՞նչ ակնկալիքներ ունի փաստաբանը Եվրոպական դատարանից, ի՞նչ է սպասվում Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից դատապարտված մեր հայրենակիցներին, ի?նչպես է հնարավոր նրանց վերադարձը առկա կարգավիճակով, ինչպես նաեւ հայ փաստաբանների կողմից Բաքու մեկնելու նախաձեռնությունը ինչքանով է իրատեսական եւ հեռանկարային այս եւ այլ հարցերի շուրջ<<Իրավունքը>> զրուցել անձամբ փաստաբան ԿԱՐԵՆ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ հետ, ով նկատես.
-Սովորաբար Մարդու իրավունքների Եվրոպական դատարան դիմելիս ակնկալիքը իրավունքի խախտման արձանագրումն է: Այս դեպքը նույնպես բացառություն չէ և մենք ակնկալում ենք, որ Մարդու իրավունքների Եվրոպակական դատարանը կճանաչի որ, Ավարի պուրակը բացմամբ Ադրբեջանը խախտում է Կոնվենցիայի 3-րդ, 8-րդ և 14-րդ հոդվածներով պաշտպանվող իրավունքները: Դեռևս վաղ է խոսել խախտման արձանագրման հետևանքների մասին:
Անդրադառնալով թշնամական երկրի կողմից դատապարտված մեր տղաների վերադարձին փաստաբանը արձանագրում է.
-Ցավոք սրտի, այս փուլում գերիների վերադարձման հարցը Բաքվի համար դարձել է քաղաքական առևտրի թեմա: Դրա հետևանքով ռազմագերիների վերադարձի հարցն այժմ դիվանագիտական տիրույթում է: «Դատապարտված» անձինք Ժնևյան կոնվենցիայի իմաստով ռազմագերիներ են, նրանց նկատմամբ առաջադրված մեղադրանքներն ու դատավարություններն ամբողջությամբ կեղծ են: Համոզված եմ, որ անկախ գերիների դատապարտումից, նրանք կվերադառնան մեր երկիր: Դա կլինի դիվանագիտական աշխատանքի, թե Եվրոպական դատարանի որոշման արդյունք՝ այնուամենայնիվ կվերադառնան:
Ինչ վերաբերվում է Հայաստանից փաստաբանների Բաքու մեկնելուն, ապա ես չէի ընտրի այդ մարտավարությունը, քանի որ դա կարող է դիտարկվել որպես այդ կեղծ դատավարությունների լեգիտիմացում: