Հնգյակ ունեցած Կարապետյան ընտանիքը շուտով նոր բնակարանում կդիմավորի Ռոզիին և Աննային
Մայիսի 3-ին հնգյակին լույս աշխարհ բերած Կարապետյան ընտանիքը այժմ վերանորոգման աշխատանքներ է կատարում նոր բնակարանում և պատրաստվում է շուտով դիմավորել Ռոզիին և Աննային:
«Շատ ուրախ ենք, որ արդեն նոր բնակարան ունենք, բայց ես դեռ չեմ պատկերացնում, երևի, կտեղափոխվեմ նոր կհավատամ: Այժմ թեթև վերանորոգման աշխատանքներ ենք անում, որ երեխաներին միանգամից նոր բնակարանում դիմավորենք»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց հնգյակի տատիկ Ռոզա Մարուքյանը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նվիրած 4-սենյականոց բնակարանը նույնպես Մեծամոր քաղաքում է: Կարապետյանները դեռ վարձով են ապրում նույն քաղաքում, բայց արդեն ժամանակավոր, մինչև նոր բնակարանի վերանորոգման աշխատանքներն ավարտելը: Իսկ վերանորոգման աշխատանքներն արվում են պետության կողմից երեխաներին տրամադրված գումարով:
Մայիսի 3-ին լույս աշխարհ եկած հնգյակից երեք երեխաները` երկու աղջիկն ու մեկ տղան, մահացել էին ծնվելուց մի քանի օր անց: Մյուս երկուսը՝ Աննան և Ռոզին արագորեն մեծանում են:
«Արդեն կրծքով կերակրվում են, շատ նման են իրար: Իմ կարծիքով՝ մինչև հուլիսի 10-15, երևի, տանը կլինեն: Մաման երկու օրից պետք է գնա, որ Աննային խնամի: Նրան հիվանդասենյակ են տեղափոխելու»,- հայտնեց տիկին Ռոզան: