Արմեն Ջիգարխանյանն իրեն պատկանող ավելի քան 100.000 դոլարը նվիրել է առաջին կնոջը
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն իր վերջին հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ սկանդալային ամուսնալուծությունից հետո իր կյանքում շատ բան է փոխվել:
Ինչպես նշում է kp.ru-ն, հավանաբար, այս փոփոխությունների շարքում է առաջին կնոջ՝ դերասանուհի Տատյանա Վլասովայի նկատմամբ վերաբերմունքը: Հայտնի է, որ 82-ամյա դերասանն անսպասելիորեն որոշել է հրաժարվել այն գումարից, որն ըստ օրենքի՝ իրեն է պատկանում Վլասովայի հետ համատեղ տան վաճառքից հետո:
Նշվում է, որ դերասանը գումարից հրաժարվել է հօգուտ Վլասովայի: Նա համապատասխան փաստաթուղթ է ստորագրել, որով պարտավորվել է ավելի քան 100.000 դոլար տալ նախկին կնոջը: Ջիգարխանյանը փաստաթուղթը փոխանցել է խորթ որդուն՝ Ստեփանին, որը Վլասովայի՝ առաջին ամուսնությունից ծնված տղան է: Այս մասին նա պատմել է «Թող խոսեն» թոք շոուի ժամանակ:
Ջիգարխանյանի խորթ որդու խոսքով՝ տան վաճառքից ստացված գումարի կեսը դերասանին փոխանցելու վերաբերյալ դատավճիռը կայացվել էր այս ամառ: Սակայն Ջիգարխանյանը փաստացի հրաժարվել է այդ որոշումից ու գումարը նախկին կնոջը տալու որոշում կայացրել:
Աղբյուրը հիշեցնում է, որ Ջիգարխանյանն ու Վլասովան ամուսնալուծվել են 2015թ., ինչից հետո ժողովրդական դերասանն անմիջապես ամուսնացել է իրենից 44 տարով փոքր Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ:
Ջիգարխանյանն ու նրա առաջին կինն ունեին համատեղ ձեռք բերված գույք՝ տուն ԱՄՆ-ի Դալլաս քաղաքում, որը գնվել էր 1990-ական թվականների վերջին: Ամռանը դատարանն առանձնատունը հավասարապես կիսել էր ամուսինների միջև: