Երգիչն իր երգացանկում պետք է ունենա տարբեր տարբեր ոճերի ստեղծագործություններ․ Գրիգոր Միրզոյան
Fnews.am-ի զրուցակիցը «Ժողովրդական երգիչ» նախագծի 4-րդ եթերաշրջանի հաղթող Գրիգոր Միրզոյանն է։ 2017 թվականը երգչի համար ակտիվ ստեղծագործական տարի էր․ նա հասցրեց մի քանի երգ ներկայացնել հանդիսատեսին, բացի այդ՝ հյուրախաղեր ունեցավ արտերկրում։ Երգիչը մեր թղթակցի հետ զրույցում պատմել է իր ձեռքբերումների, անելիքների մասին։
- Գրիգո՛ր, ինչպիսի՞ն էր Ձեր համար 2017 թվականը։
- 2017 թվականը հագեցած էր համերգներով, բացի այդ՝ տարին հաջող էր նաև այն առումով, որ ունեցա նոր երգեր, տեսահոլովակներ։ Այնպես որ, ընդհանուր առմամբ, 2017 թվականը հաջող տարի էր։
- Որտե՞ղ և ո՞ւմ հետ դիմավորեցիք Նոր տարին։ -Ամանորն, ինչպես միշտ, դիմավորեցի ընտանիքիս հետ, ինչպես նաև սիրելի հյուրերի, ովքեր ժամանել են ԱՄՆ-ից։ -2017 թվականը կարծես թե Ձեզ համար բեղուն ստեղծագործական տարի եղավ, իսկ ի՞նչ սպասելիքներ ունեք 2018 թվականից։
- Այո՛, ինչպես նախորդիվ նշեցի, 2017 թվականին ունեցա նոր երգեր, տեսահոլովակներ։ Նշեմ, որ մինչև հունվարի 15-ը կունենամ նոր տեսահոլովակ․ երգի հեղինակը Գրիգոր Բանանցն է է։ Շատ շնորհակալ եմ նրան իմ երգացանկը գեղեցիկ երգերով լցնելու համար։
-Վերջին օրերին տեղի ունեցավ Ձեր <<Ամերիկա>> երգի պրեմիերան։ Մի փոքր պատմե՛ք այդ մասին։ Ինչպիսի՞ կարծիքներ ու գնահատականներ եք լսել այս երգի վերաբերյալ։
-Այո՛, բոլորովին վերջերս տեղի ունեցավ իմ՝ <<Ամերիկա>> երգի շնորհանդեսը։ Երգը կատարել է Արամ Ասատրյանը։ Շատ սիրելով այդ երգը՝ որոշեցի նորովի ներկայացնել այն։ Երգը հանդիսատեսի դատին ներկայացնելուց հետո, իհարկե, լսել եմ բազմաթիվ դրական կարծիքներ՝ այդ թվում ԱՄՆ-ից։ Կարծում եմ՝ երգիչն իր երգացանկում պետք է ունենա տարբեր տիպի, տարբեր ոճերի ստեղծագործություններ։
-Ձեր տոնական բարեմաղթանքը մեր ընթերցողին, ինչպես նաև Ձեր երկրպագուներին։
- Ջերմորեն շնորհավորում եմ ողջ հայության Ամանորը։ Թո՛ղ խաղաղ լինեն մեր երկրի սահմանները, մեր զինվորներին անփորձանք ծառայություն եմ մաղթում։ Իսկ իմ երկրպագուներին խոստանում եմ, որ 2018 թվականին ջանալու եմ է՛լ ավելի շատ աշխատել և նոր ստեղծագործություններ ներկայացնել։