«Հայավտոկայարան» ՓԲԸ-ի շուրջ բարձրացած աղմուկի հետքերով
Օրերս «Հայավտոկայարան» ՓԲԸ աշխատակիցները դիմելով լրատվամիջոցներին ահազանգում էին այն մասին, որ 2018 թվականի դեկտեմբերից «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Աշոտ Մնացականյանի պաշտոնավարումից հետո ՝ նրա կողմից վարվող քաղաքականության արդյունքում «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն արագ տեմպերով գնում է դեպի սնանկացում:
Ըստ տարածված լուրերի արհեստականորեն խոչընդոտվում են հնարավոր ներդրողների գործունեությունը:
Պարզելու համար, թե ի՞նչ է իրականում կատարվում «Հայավտոկայարան» ՓԲԸ-ում, Newsmedia.am-ը կապ հաստատեց գլխավոր տնօրեն Աշոտ Մնացականյանի հետ, ով անդրադառնալով խոստացվող ներդրումներին եւ պոտենցիալ ներդրողների համար ստեղծվող արհեստական խոչընդոտների մասին լուրերին, նկատեց.
-Հարյուր տոկոսով հերյուրանք եմ այդ ամենը համարում: Իրականում նման խնդիր չկա: Այս ժամանակահատվածում քննարկվող ներդրում եղել է Կենտրոնական ավտոկայանի մասով միայն, որը ամենայն հավանականությամբ չի իրագորրծվի, քանի որ պայմանագրի մի քանի կետերի շուրջ կոնսեսուս չկա: Եթե կա որեւէ մեկը, ով կարող է ասել, որ խոչընդոտ կա ներդրողների համար. թող կանգնի հրապարակային ասի, չկա նման բան ուղղակի:
-Ասացիք, որ կոնկրետ այդ մեկ ներդրման հետ կապված կոնսեսուս չկա, ի՞նչ խնդիրների մասին է խոոսքը, երբ կան մարդիկ, ովքեր պատրաստ են կոնկրետ ներդրումային ծրագիր իրականացնել:
- Ես չեմ կարող խնդիրները բացահայտ Ձեզ ասել, որովհետեւ ինքը իր մեջ հնարավոր է առեւտրային գաղտնիք պարունակի: Բայց կետեր կան, որոնց շուրջ կոնսեսուս կարող է չլինել: Դա վերջնական չի, բայց ամենայն հավանականությամբ այդ ներդրումը չի հաստատվի:
- Իսկ կա՞ն կոնկրետ այլ ներդրումների առաջարկներ:
-Առաջարկներ կան, բայց չեն եկել գրավոր դիմել, որ մենք ընթացք տանք: Բայց առաջարկներ կան:
-Ի՞նչ ժառանգություն եք ստացել նախորդ ղեկավարությունից, եւ ի՞նչ եք հասցրել անել այս վեց ամիսների ընթացքում:
-Անկեղծ ասած խնդիրները այնքան շատ են, որ պարբերաբար բախվում ենք տարատեսակ խնդիրների: Մենք ժառանգություն ենք ստացել քիչ թվով կնքված պայմանագրեր, չարաշահումներ էլեկտրաէներգիայի, վառելիքի:
-Կառանձնացնե՞ք կոնկրետ մեկ ակնառու փոփոխություն, որն իրականացվել է այս վեց ամիսների ընթացքում, ինչ դուք եք պաշտոնավարում «Հայավտոկայարան» ՓԲԸ-ում:
-Կարեւոր փոփոխությունն այն է, որ աշխատավարձերը երեսուն տոկոսով բարձրացվել են հենց պաշտոնավարման սկբում:
- Իսկ կոնկրետ, ո՞ր աշխատակիցների:
- ՓԲԸ-ի բոլոր աշխատակիցների:
-Ինչի հաշվին՝ խնայողությունների՞, թե՞...
-Չէ պարզապես նայելով ֆինանսական ցուցանիշները եւ հասկանալով հետագայի պոտենցիալը՝ դա ամենաքիչ բանն էր, որ կարող էինք անել:
Ըստ իս՝ եթե ոչ մինչեւ տարեվերջ, ապա առաջիկայում «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն ՀՀ ամենամրցունակ կազմակերպություններից մեկը կարող է դառնալ բարձր աշխատավարձների մասով:
ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆ
Այլ մանրամասների մասին՝ հաջորդիվ: