«Մեղվից փիղ» սարքած` հոգեբան Սամվել Խուդոյանի քայլը առայժմ չի մեկնաբանում ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը
«ՄԵՂՎԻՑ ՓԻՂ» ՍԱՐՔԱԾ` ՀՈԳԵԲԱՆ ՍԱՄՎԵԼ ԽՈՒԴՈՅԱՆԸ ԻՆՉՈՒ ՉԷՐ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ....
Առիթ ունեցել ենք անդրադառնալու Երեւանի Պետական մանկավարժական համալսարանում գործող հոգեբանության մասնագիտական խորհրդում Մարատ Դուրյանի պաշտպանած ատենախոսության շուրջ բարձրացած արհեստական աղմուկին, որի հետ կապված էլ, Բարձրագույն որակավորման կոմիտեն Մանկավարժական համալսարանում հրավիրել էր քննարկում:
Քննարկմանը մասնակցում էին ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը, Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի Կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Սամվել Խուդոյանը, ԵՊՀ Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը և այլ գիտնականներ:
Քննարկման ավարտին, խնդրին վերջնական լուծում տալու համար, որոշվել էր հունիսի 24-ին, հարցը քննարկել նաև ԲՈԿ-ում՝ նախ եւ առաջ այս թնջուկին վերջ տալու, ինչպես նաեւ մշակելու մեխանիզմներ՝ հետագայում նման անհեթեթ իրավիճակների մեջ չհայտնվելու համար:
Սակայն, քննարկմանը ի զարմանս շահագրգիռ կողմերի` առանց որեւէ պատճառաբանության չէր ներկայացել հենց այս թեման ժողովրդական լեզվով ասած «մեղվից փիղ» սարքած` հոգեբան Սամվել Խուդոյանը:
Վերջինիս չներկայանալը ԵՊՀ Ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը, NewsMedia-ի թղթակցի հետ զրույցում հետեւյալ կերպ էր մեկնաբանել. «Պարոն Խուդոյանի ԲՈԿ քննարկմանը չներկայանալը ոչ այլ ինչ էր, քան նահանջ»:
Իսկ, թե ինչպես է վերը նշված խնդրին պատրաստվում լուծում տալ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը, եւ թե ինչպես է նա մեկնաբանում Ս. Խուդոյանի բացակայությունը՝ նախապես պայմանավորված քննարկմանը չներկականալը, արդեն երկու աշխատանքային օր է, ինչ փորձում ենք պարզաբանում ստանալ անձամբ պարոն Գոգյանից:
Սակայն երկու օր շարունակ, համենայնդեպս ընդունարանի քարտուղարուհու պնդմամբ, Սմբատ Գոգյանը տեղում չէ: Ու ինչպես աշխատակցուհին էր պնդում. «Գոգյանը հանդիպումների մեջ է, բայց ոչ աշխատավայրում: Երբ կգա չեմ կարող ասել, նորից փորձեք առավոտյան Ես Ձեր հեռախոսահամարն էլ եմ փոխանցել հաղորդագրության միջոցով, եթե նպատակահարմար գտնի պարոն Գոհյանը Ձեզ կզանգահարի: Ավելին ասել չեմ կարող »:
Պատրաստ ենք ներկայացնելու ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի մեկնաբանությունները՝ նրան աշխատավայրում գտնելուն պես:
ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆ