ՔԿ-ն պարզում է Հայկ Հարությունյանի մահվան մասին հրապարակումների հեղինակներին
ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մասին հրապարակումների վերաբերյալ ՔԿ-ն գրություն է ուղարկել Hayeli.am և Armlur.am կայքերի խմբագրություն:
«Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով համապատասխան գրություն է ուղարկվել Hayeli.am և Armlur.am կայքերի խմբագրություն՝ «Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ,ախր Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն» Հայկ Հարությունյանի վերջին խոսքերը ինքնասպանությունից առաջ և «Հայկ Հարությունյանը դեպքի պահին միայնակ չի եղել. հայտնի են նրա վերջին խոսքերը» վերտառությամբ հոդվածների հեղինակներին պարզելու և գործով պարզաբանման ենթակա հանգամանքների վերաբերյալ նրանց հարցաքննելու համար», - հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը:
Մամուլում Հայկ Հարությունյանի ու գլխավոր դատախազի միջեւ «խոսակցության» մասին եւս տեղեկատվություն է տարածվել, որին արձագանքել էր գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ Գլխավոր դատախազը երբևէ Հայկ Հարությունյանի հետ կոնտակտ չի ունեցել: