‹‹Իմ տղայի ամեն մի կաթիլ արյան համար բոլորը մեկ առ մեկ պատասխան են տալու››. Սևազգեստ մայրերը կրկին բողոքի ակցիա են իրականացնում
Այսօր՝ նորյեմբերի 7-ին Կառավարության շենքի դիմաց սևազգեստ մայրերը շարունակում են բողոքի ակցիան: ‹‹Դեկտեմբերի 21-ին իմ տղայի իննը տարին է լրանում: Իննը տարի է նրանք հեքիաթ են պատմում, բայց այդ հեքիաթին վերջ պետք է լինի: Կապ չունի Ազգային ժողով է, Կառավարության շենք է, Քննչական կոմիտե է, թե դառախազություն, եթե զինվորի գործն իրենք լավ գիտեն, գիտեն, որ սպանություն է եղել, բայց եթե ինչ-որ մի քննիչ պիտի հեքիաթներով, ստորաբար նայի իմ դեմքին և ինչ ուզում է ասի, չի ստացվելու: Ես տղա չեմ պահել, որ տամ պետությունը տանի իմ տղային 1 տարի 8 ամիս հետախույզ պահի, գլուխը ինչ-որ մի ստոր կենդանի ուտի, ու ասեն, որ իմ տղան ի ծնե հիվանդ է եղել: Փաստերով թող ապացուցեն, դիահերձում արել են, թող այդ ուռուցքը հանեին և ծնողին ցույց տային:
Նրանք չեն կարող մեր աչքերին թոզ փչել, բոլորն էլ գիտեն իրենց տղաներին ոնց են սպանել: Իմ տղայի ամեն մի կաթիլ արյան համար բոլորը մեկ առ մեկ պատասխան են տալու››,- ասաց սևազգեստ մայրերից Իրինա Ղազարյանը: