Ոստիկանների կողմից բռնությամբ ցուցմունք կորզելու մասին տեսանյութն ուղարկվել է ՀՔԾ
Ոստիկանների կողմից հակագազով և մահակով ցուցմունք կորզելու միջադեպի վերաբերյալ հրապարակումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՀ ՀՔԾ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Ուզում եմ տեղեկացնել, որ ՀՀ գլխավոր դատախազությունը համացանցում և սոցիալական ցանցերում լայն տարածում գտնող՝ առերևույթ ոստիկանության աշխատակիցների կողմից անձի նկատմամբ բռնությունների կիրառման վերաբերյալ տեսանյութը ուսումնասիրության առարկա է դարձրել այն հասու դառնալուց անմիջապես հետո, որի արդյունքում ինչպես տեսանյութը, այնպես էլ ԶԼՄ համապատասխան հրապարակումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը որոշելու նպատակով»,- գրել է Գոռ Աբրահամյանը։