Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ-ի հերթական անօրինականությունը (լուսանկար)
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի դրածո՝ Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանը շարունակում է բուհը ղեկավարել իր ցանկությամբ և քմահաճույքներով...
Նոյեմբերի 15-ից բուհի "Պատմության և փիլիսոփայության ամբիոն"-ը չունի գործավար... Ֆիզարձակուրդ գնալուց դեռ մեկ ամիս առաջ ամբիոնի գործավարը տեղյակ էր պահել բուհի ղեկավարությանն արձակուրդ գնալու մասին, սակայն ժամանակավորապես նոր գործավարուհու աշխատանքի ընդունման հայտարարությունը (հայտարարության տեքստի բովանդակությունն ընդհանրապես զավեշտ է) հրապարակվեց վերջինիս արձակուրդ գնալուց 7 օր անց... Բայց սա դեռ ծաղիկներն են... Ըստ հայտարարության՝ ցանկացողները կարող էին մինչև ս.թ. նոյեմբերի 30-ը, բոլոր աշխատանքային օրերին 9.00-17.00 ժամանակահատվածում ներկայացնել պահանջվող փաստաթղթերը...
Սակայն նոյեմբերի 28-ին ռեկտորի ԺՊ-ի կամայական որոշմամբ, իբր մրցույթի մասնակիցներն արդեն շատ են, և արհամարհելով մրցույթի մասին հայտարարությունում նշված ժամկետները, պարոն Սերոբյանը մրցույթ է անցկացնում և արդեն դեկտեմբերի 2-ին ֆիզարձակուրդ մեկնած մեկ գործավարուհու փոխարեն փորձաշրջանով, կես-կես դրույքով ընդունում է երկուսին (հրամանն էլ դեռ չկա)...
Հավելեմ, որ երբ պարոն Սերոբյանը և իր բարեկամը՝ բուհի անգրագետ իրավաբանը, մրցույթ էին անցկացնում մի քանի դիմորդներ իրենց վրդովմունքը հայտնեցին ինձ և բավական տիպիկ բառերով մեկնաբանեցին պարոն Սերոբյանի գործելաոճը... Իրո՛ք, ի՞նչն էր պատճառը, որ ՇՊՀ ռեկտորի ԺՊ-ն, կոպտորեն խախտելով "աշխատանքի հայտարարության" մեջ նշված ժամկետները, ավրալ կերպով մրցույթ (բուն մրցույթի կազմակերպման զավեշտին չեմ էլ անդրադառնում) է անցկացնում՝ խախտելով մյուս մասնակիցների իրավունքները, որոնք ևս ցանկանում էին մինչև նոյեմբերի 30-ը հայտեր ներկայացնել...
Հ.Գ. Սա ևս մեկ ապացույց է, որ միամտաբար ռեկտորի աթոռում հայտնված Երվանդ Սերոբյանը, ով մինչև 2017 թ-ի կեսերը նույնիսկ դպրոցում ուսմասվար չի աշխատել, բացարձակ չի հասկանում բուհի կառավարումից և այնպիսի պրիմիտիվ բաներ, ինչպիսին է, օրինակ, "աշխատանքային թափուր տեղի համար մրցույթ անցկացնելը", խայտառակ խախտումներով է անցկացնում, որը կասկածի տակ է դնում դրա արդյունքները և հետագա արդյունավետությունը...
ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆ