Արցախի ոստիկանությունը տեղեկություններ է հաղորդել Վիտալի Բալասանյանի գրասենյակի մոտ տեղի ունեցած դեպքի մասին
Արցախի Հանրապետության ոստիկանությունը տեղեկություններ է հաղորդել սոցցանցում վիճաբանելու պատճառով սպառնալիքներ հնչեցնելու, սեռական բնույթի հայհոյանքներ տալու և առևանգման փորձ կատարելու առթիվ:
«Դեկտեմբերի 2-ին Շուշի քաղաքի բնակչուհի, 1989թ.ծնված Տ. Վ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում մայրաքաղաքի Գ. Նժդեհ փողոցի թիվ 68 հասցեում տեղակայված «Հանուն Արցախի շարժման» ՀԿ գրասենյակում իրեն են մոտեցել 2 երիտասարդ և սոցցանցում վիճաբանելու պատճառով սպառնալիքներ ու սեռական բնույթի հայհոյանքներ են տվել և քաշքշելով հանել դուրս, իր նկատմամբ կատարել առևանգման փորձ։
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված անձինք հանդիսանում են Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1983թ. ծնված Դ. Ս.-ն և 1983թ. ծնված Կ. Ս.-ն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը»,- տեղեկացնում են ոստիկանությունից:
Հիշեցնենք, որ երեկ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ «Հանուն Արցախի» գրասենյակի մուտքի մոտ տեղի է ունեցել սադրանքի և առևանգման դեպք: