Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենում լիազորությունները կասեցրած ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի գործով հերթական նիստը:
Նախորդ նիստում դատարանն ապացույցների հետազոտում էր կատարել: Ընթերցվել էին հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման նպատակով գնման գործընթացին առնչվող փաստաթղթեր, նամակագրություններ, արձանագրություններ, մատակարարվող սարքերի վերաբերյալ տեխնիկական պարամետրեր: Դրանք ներկայացրել էր մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանը: Ապացույցների հետազոտումը կշարունակվի այսօրվա նիստում:
Հիշեցնենք՝ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել իր ծառայողական պարտականությունները: