«Արցախի շուրջ եղած այն բոլոր հարցերը, որոնք շահարկվում էին, ինձ համար փարատված են». Էդմոն Մարուքյան
Այսօր Ազգային ժողովում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Քննարկվել են այն բոլոր հայտարարությունները, որոնք հրապարակային արվում են, այդ թվում Արցախի հիմնախնդիրը: Արցախի հարցն էն հարցն է, որ բոլորս համախմբված ենք: Էս մասով տարաձայնություն չկա: Կարծում եմ՝ ժամանակ առ ժամանակ նման քննարկումների կարիք կա»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մարուքյանը:
Նա նշեց, որ որ Արցախի շուրջ եղած այն բոլոր հարցերը, որոնք շահարկվում էին, դրանք իր համար ի սկզբանե փարատված էին և հիմա, առավել ևս, փակված են:
Հարցին՝ վարչապետն ասա՞ց, որ սեղանին փուլային տարբերակ չկա դրված, Մարուքյանը պատասխանեց, «Բնականաբար, այն ինչ ասվեց, եթե հրապարակային հայտարարություններից դուրս գալու լինի, դուրս կգանք: Էս պահին ես մտահոգություն չունեմ Արցախի հիմնախնդրի հետ կապված՝ շահարկումների վերաբերյալ»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ հավելելով. «Եթե Արցախը հանձնելու հարց կառաջանա, բայց ես նման բան իմ երևակայության մեջ չեմ պատկերացնում, Հայաստանում նման իշխանություն չեմ պատկերացնում»: