Խորհրդարանի խոսնակի կողմից, դեռ վիրավորանքների փուլում երկուստեք չսաստելը՝ նպաստեց բռունցքների գործադրմանը
«Այն ինչին ականատես եղավ հանրությունը այսօր ԱԺ-ում խայտառակություն էր: Խայտառակությունը սկսվեց բռունցքներից առաջ, երբ պատգամավորի ելույթներին ի պատասխան սկսեցին հնչել «հոպար», «արա»
եւ նման արտահայտություններ: Եվ դրանից հետո բռունցքներին անցնելը՝ ուղղակի գագաթնակետն էր: Անկեղծ, ես մի պահ տեղափոխվեցի 90-ական թվականներ, երբ ԵԿՄ-ն մտածում էր, որ իրեն ամեն ինչ կարելի է, որ երկրապահ լինելը ապրիորի ինդուլգենցիա է »,-NEWSMEDIA.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին, ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, ընդգծելով.
-Ավելի վտանգավոր էր խորհրդարանի խոսնակի անգործությունը: Խորհրդարանի խոսնակի կողմից դեռ վիրավորանքների փուլում երկուստեք չսաստելը՝ նպաստեց բռունցքների գործադրմանը:
-Պարոն Իոնիսյան, վարչապետը կատարվածը համարեց քստմնելի սադրանքի արդյունք: Համամիտ ե՞ք, նրա կողմից տրված որակավորումների հետ:
-Եկեք չմեկնաբանեք էլի, Փաշինյանի մոտեցումը: Այն որեւիցէ պարագայում՝ ինձ համար ընդունելի չէ: Ես մի բան կարող եմ ասել. սա անընդունելի արարք է: Սա նշանակում է, որ ԱԺ նախագահն իր տեղում չէ. սա նշանակում է ԱԺ երկու պատգամավորների թուլության նշան, որովհետեւ բռունցքներին դիմում են այն ժամանակ, երբ ասելիք չեն ունենում:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան, Խորհրդարանում ծեծկռտուք էր տեղի ունեցել Սասուն Միքայելյանի ու Էդմոն Մարուքյանի միջև: Երբ ելույթ էր ունենում ԱԺ Լուսավոր Հայասստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, բանավեճ սկսվեց նրա և Իմ քայլի պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև: Մարուքյանի ելույթի ժամանակ Միքայելյանը Մարուքյանին դիմեց՝ «հոպար», իսկ Մարուքյանը պահանջեց իրեն այդպես չդիմել: Այնուհետև Միքայելյանը սպառնաց ցխել Մարուքյանին, մոտեցավ և հարվածեց նրան:
Էդմոն Մարուքյանը ԱԺ ամբիոնից հայտարարեց. «Ինձ ինչքան էլ խփեք, մեկ ա, ես խոսալու եմ: Էն ո՞վ եկավ թաքուն խփեց մեջքից»:
Սասուն Միքեայելյանը սպառնաց՝ վիզդ կկտրեմ: «Իմ վիզը կտրողը չի ծնվել, հերիք ա ստեղ շմայսություն անես, է: Հանգիստ քեզ պահի վաբշե»,- պատասխանեց Մարուքյանը:
ԱԺ նախագահ Արարարտ Միրզոյանը ստիպված էր ընդմիջում հայտարարել: Ուղիղ հեռարձակման անջատումից հետո, սակայն, կարելի էր լսել Միրզոյանի ձայնը, որը շտապ կանչում էր ԱԺ անվտանգության աշխատակիցներին կրքերը հանդարտեցնելու համար:
NewsMedia.am
Լուրեր Հայաստանից եւ աշխարհից