Լոս Անջելեսում ադրբեջանցիները հարձակվել են հայ աղջիկների վրա
Երեկ՝ հուլիսի 21-ին, Լոս Անջելեսում՝ Ադրբեջանի հյուպատոսարանի առջև մեծ թվով հայեր բողոքի ակցիա են իրականացրել։ Ինչպես տեղեկանում ենք Հորիզոն հեռուստաընկերության ներկայացուցիչ Վրույր Թադևոսյանի ֆեյսբուքյան էջից, բողոքի ակցիան վերածվել է տոնախմբության։ Սակայն, ավելի ուշ բախում է տեղի ունեցել ակցիայի մասնակից հայերի և այդտեղ հավաքված մոտ երեսուն ադրբեջանցիների միջև։
«Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ ադրբեջանցիները հարվածեցին հայ աղջիկներին և նրանց մեքենաներին։ Հայերը, բնականաբար, չէին կարող սա անտեսել։ Ըստ էության, մի փոքր ագրեսիվ ու երկկողմանի բավականին վտանգավոր մարմնական վնասվածքներով ընդհարում տեղի ունեցավ։ Կռիվը հրահրեցին ադրբեջանցիները։ Պատասխանը միգուցե ագրեսիվ էր, բայց այս պարագայում այլ տարբերակ անհնար էր պատկերացնել, որովհետև հայերը բավականին դյուրագրգիռ վիճակում են, և պետք չէր այս սադրանքը։ Ադրբեջանցիները թվով շատ չէին՝ մոտ 30 հոգի կամ ավելի քիչ, որոնք ակցիայի կեսից հեռացան»,- ուղիղ հեռարձակման ժամանակ ներկայացրել է իրավիճակը Վրույր Թադևոսյանը։
Տեսանյութում երևում է, որ ադրբեջանցիները փախչելիս իրենց դրոշը թողնում են գետնին ընկած։