Չկարծեք՝ Եկեղեցին սարսափած է, Եկեղեցին իր առաքելությունը կիրականացնի, այս իշխանությանն էլ կուղարկի պատմության գիրկը․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան
«Մեդիալաբի» հարցազրույցը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ
– Սրբազա՛ն, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, ինչպես արդեն փոխնախարարն է հայտարարել, չի լինելու առանձին առարկա և, այսպես ասած, «օպտիմալացվելու» է՝ ընդգրկվելով այլ առարկաների մեջ։ Այսինքն՝ առարկան ամբողջությամբ չի հանվելու։ Ի՞նչ դիրքորոշում ունեք այս հարցի շուրջ։
– Այլ առարկայի շրջանակներում մատուցելը գրեթե անհնարին է, իսկ «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան ուսումնական ցուցակից հանում են, որովհետև մեր աշակերտները իբրև թե գերծանրաբեռնված են, չեն դիմանում գերծանրաբեռնվածությանը, և դրա համար Հայ Եկեղեցու պատմությունը պետք է տրոհվի։
Այս է մեկնաբանությունը: Իսկ տարրալուծվելը անհնարին բան է, դրանով ոչինչ չի փոխվի։ Տարրալուծելով կրթում էին 80 տարի շարունակ, և այդ սերունդը եկեղեցու պատին խզբզում էր՝ էսինչը սիրում է էսինչին, և նրան բնավ հետաքրքիր չէր, թե այդ պատը 7-րդ դարի պա՞տ է, թե՞ 6-րդ դարի։
Ա՛յ այդպիսի սերունդ կունենանք։ Կունենանք այնպիսի սերունդ, որ խաչակնքել չի իմանա, քրիստոնեությունից տարրական գիտելիքներ չի իմանա, բայց մեծ-մեծ բաներ կխոսի Հայ Եկեղեցու մասին, թե ինչպիսին պետք է լինի հայ հոգևորականը։ Մի խոսքով, այդ վիճակն է։ Թե չէ աշխարհը իր օրենքներով շարժվելու է։
– Փոխնախարարը հայտարարել էր, որ բաց են Եկեղեցու հետ քննարկման համար։ Դուք ներկայացրե՞լ եք Եկեղեցու դիրքորոշումը։
– Չկա էդպիսի բան։ Մենք չափորոշիչների հանձնախմբում չենք եղել և չկանք։ Երբ ես առաջարկել էի, որ մենք ներկայացուցիչ ունենանք, վերջին փուլում, վերջին հանդիպմանը կանչել են Հայր Զաքարիային և տվել են երկու րոպե խոսելու համար։
Իսկ մինչ այդ ամեն ինչ արվել է մեր թիկունքում և գրեթե գաղտագողի։ Սա է ամբողջ խնդիրը։ Մինչդեռ օրենքում կա պահանջ, որ Հայոց Եկեղեցու պատմության առարկայի մշակման աշխատանքներում Հայ Եկեղեցին դերակատարություն ունենա։
Դա օրենսդրական պահանջ է, և նույնիսկ օրենսդրական պահանջը չի պահպանվում, հասկանո՞ւմ եք։
– Կրթության կազմակերպիչներն ասում են, որ բարոյականության, քրիստոնեական արժեհամակարգի ուսումնասիրությունը մեկ առարկայի շրջանակներում չպետք է ուսումնասիրվի․․․
– Ի՞նչ են խոսում՝ չեմ հասկանում, երեխայի մեջ ոչ մի ասոցիացիա չի առաջանալու եկեղեցու հանդեպ։ Ո՛չ պարտականություն կծնվի, ո՛չ իրավունք։ Իսկ առանձին առարկայի դեպքում նա իմանում է, որ Հայ Եկեղեցին իր եկեղեցին՝ անկախ իր դիրքորոշումից՝ աթեի՞ստ է, թե՞ հեթանոս։
Բայց ինքը գիտի, որ Հայ Եկեղեցին իր եկեղեցին է, որի նկատմամբ ունի իրավունքներ ու պարտականություններ։ Իսկ առաջարկվող տարբերակով պարտականությունները կարող են վերանալ, և ինքը կկարծի, թե միայն իրավունքներ ունի, հետո կմեծանա սկսի սուրճ ուզել, Հայ Եկեղեցուն անիմաստ պահանջներ ներկայացնել։
– Մտավախությունները դրա՞նք են։
– Սերնդի դաստիարակությունն է մեր մտավախությունը, ուրիշ մտավախություն ունե՞նք։ Հո մեր դրամը չի՞ պակասելու, արդեն պակաս է, ոչ էլ մեր հասակն է կարճանալու, արդեն բարձրահասակ չենք։
Մենք շահադիտական, ճղճիմ մոտեցումներ չունենք։ Մեր խնդիրը սերնդի հայեցի, քրիստոնեական դաստիարակությունն է։ Մարդիկ կան, որ «քրիստոնյա» բառն ասում ենք, վատանում են։
Բայց քրիստոնեականությունը ամենալուսավոր բանն է այս երկրագնդի վրա։ Եվ մենք՝ իբրև առաջին քրիստոնյա պետություն, ինչպե՞ս կարող ենք մեր զավակին քրիստոնեական դաստիարակություն չտալ և ասել՝ թող փողոցում սովորի։
– Ո՞րն է քրիստոնեական դաստիարակությունը։
– Քրիստոնեականը միայն կրոնականը չէ, քրիստոնեականը մի ամբողջ մշակույթ է, աշխարհայացք է, կենցաղ է, կենսակերպ է, մտածողություն է, հոգեբանություն է, ճարտարապետություն է, երաժշտություն է։
Քրիստոնեություն ասող մարդիկ հասկանում են միայն աղոթել՝ ծնկաչոք, սարսափած, հասկանո՞ւմ եք։ Քրիստոնեությունը ծնկաչոք, սարսափած աղոթքի կրոն չէ։ Եվ քրիստոնեությունը միայն կրոն չէ։
Քրիստոնեությունը լուսավորություն է։ Քրիստոնեությունը մարդու, Արարչի, բնության, քաղաքի, երկրի նկատմամբ հարգանքի ուսուցում է։ Այս ամենը քրիստոնեություն է։
Դուք քրիստոնեություն ասելով միայն Տերունական աղոթքն եք հասկանում և «ալելուիա, տեր, ողորմյա»-ն։ Բայց էդպես չէ։ Իհարկե, դա էլ է քրիստոնեություն, բայց միայն դա չէ։
Առաջին քրիստոնյա պետությունը պետք է ունենա քրիստոնյա հասարակություն, այլապես դադարեք օգտագործել առաջին քրիստոնյա պետություն տերմինը։
Տարրական բան՝ զբոսաշրջիկների առաջ գիդերը խայտառակ են լինում, քանի որ մինչև հիմա չգիտեն՝ օրթոդոքսության և Հայ Առաքելական Եկեղեցու տարբերությունը որն է, ուղղափառության և առաքելականության տարբերությունը որն է ու այդպես շարունակ։
Շարունակեք էդպես տգետ մեծանալ, բայց գոնե կիմանաք տեխնոլոգիա, կոմպյուտեր, Ֆեյսբուքում լավ կլողաք։ Ի վերջո մարդուն մարդ են դարձնում բարոյական արժեքները։ Իսկ մեր բարոյական արժեքները քրիստոնեական հիմք ունեն։
– Վերջին շրջանում, այս հարցի քննարկումների ֆոնին, ակտիվացել են հայտարարությունները, թե իշխանության քաղաքականությունը Հայ Առաքելական Եկեղեցու դեմ է։ Կա՞ նման բան։
– Հարցը միտումնավոր լինել-չլինելը չէ։ Նրանք երևի կարծում են, որ ճիշտ բան են անում, մենք էլ ասում ենք՝ սխալ բան եք անում։
– Դուք ասում եք՝ քրիստոնեական դաստիարակություն, բարոյական նկարագիր և այլն, բայց կուզեի իմանալ՝ վերջին տարիների ուսումնասիրությունը ի՞նչ է ցույց տվել՝ Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դասավանդումը որքանո՞վ է բարձրացրել այդ արժեքները, նկարագիրը։
– Անշուշտ, բարձրացրել է, իհարկե, չի բարձրացրել ցանկալիի, իդեալականի մակարդակի, շատ բան ունենք անելու, որովհետև այդ առարկան դասավանդել են ուսուցիչներ, որոնք կարողունակ չեն այդ առարկան դասավանդելու, կան գյուղեր, կան տեղեր, որտեղ այդ առարկայի դասավանդումը ավելի վնաս է տվել, քան օգուտ։
մանրամասն՝այստեղ: