«Քաղաքացուն քարշ տալով ծեծել են». Բունիաթյանը՝ գիշերվա միջադեպի մասին
Ամուլսարի պահապաններից Շիրակ Բունիաթյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ներկայացրել է Ամուլսարի տարածքում երեկ տեղի ունեցած միջադեպից մանրամասներ:
Հիշեցնենք՝ գիշերը Բունիաթյանը հայտնել էր, որ «Լիդիան Արմենիա»-ի նոր պահնորդական ծառայությունը հարձակվել և ծեծել է տարածքում հերթապահող Ամուլսարի պահապաններին, ինչպես նաև՝ երկու ոստիկանների:
«Երեկ քաղաքացիներից ինչ-որ մեկի հետ պահնորդները երկխոսություն են ունեցել, որը վերածվել ա վիճաբանության ու էս մարդիկ դուրս են եկել էն տարածքից, որը իրենց հատկացված ա: Դուրս են եկել մայրուղու վրա ու քաղաքացուն ուղղակի քարշ տալով դեպի «Լիդիան»-ին պատկանող տարածք, դաժան ծեծի են ենթարկել: Էդ քաղաքացուն ուշագնաց վիճակում են էնտեղից հանել»,- իրավիճակը ներկայացրել է Բունիաթյանը:
Գիշերը՝ միջադեպից հետո, ըստ Բունիաթյանի, տարածքում են հավաքվել Ջերմուկի բնակիչները՝ որոշելու հետագա անելիքները. «Որոշեցինք թողնել, որ իրավիճակը զարգանա իրավական ճանապարհով: Էստեղ էլի առաջ ա գալիս այն վարկածը, որ խնդիրը ոչ թե պահնորդական ծառայության մեջ ա, այլ՝ նրան աշխատանքի հրավիրողի պահանջներն են այդպիսին, որովհետև նախկին պահնորդները նույնպես այս վարքագիծն էին դրսևորում»,- ասել է Ամուլսարի պահապանը:
Մանրամասները՝ տեսանյութում: