Վերջնականորն պարտադրելու ենք, որ վեր ընկնեն իրենց տներում. Տաճատ Վարդապետյան.armenpress.am
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան հակառակորդը Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնածավալ հարձակում է սկսել: Հրետակոծվել են Արցախի խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:
Համահայկական համախմբման պահն է: «Վիրահայերի միասնություն» հայրենակցական միության նախագահ Տաճատ Վարդապետյանը վիրահայերին դիմելուց առաջ թումանյանական տողերն է հիշում՝ «Բերանն արնոտ մարդակերը էն անբան, հազար դարում հազիվ դարձավ մարդասպան…»:
«Մենք այսօր կենաց ու մահու պատերազմի փաստի առջեւ ենք,- ասաց Տաճատ Վարդապետյանը,- թուրքական շնաբարո նախիրը նորից գլուխ է բարձրացրել: Համոզված եմ՝ հայ ժողովուրդը իր սրբազան հաղթանակը կկռի նաեւ այս պատերազմում: Կոչս, խնդրանքս, աղերսս, խոսքս եմ հղում իմ հայրենակիցներին եւ համայն հայությանը՝ համախմբվելու, զորեղ մնալու: 2016թ. էլ, ապրիլյան պատերազմի ժամանակ, ջավախքցիները հետեւելով իմ կոչին, երկու օր չանցած մի մարդու նման Հայաստանում էին եւ հսկայածավալ նյութական աջակցություն ցուցաբերեցին: Այս անգամ նույնպես բռունցքվեք, որպեսզի թուրքական նախիրը զգա իր գլխին իջնող զսպող միջոցը»: