«էրդողանական վարչակարգի գործողությունները, ուղղակի սպառնալիք են հանդիսանում ոչ միայն տարածաշրջանի, այլև միջազգային անվտանգության համար».Արաբագետ
Սեպտեմբերի 27-ից Հայաստանի ու Արցախի դեմ՝ թուրք–ադրբեջանական տանդեմի սանձազերծած պատերազմը շարունակվում է: Երկու անգամ խախտելով հրադադարի ռեժիմը՝ թշնամին շարունակում է գերժամանակակից ու արգելված զենքերով հրթիռակոծել խաղաղ բնակավայրերը, ներգրավվելով Մերձավոր Արևելքի տարատեսակ ահաբեկչական նոր խմբերի, որոնց հովանավորում է Թուրքիան: Եվ Թուրքիան բացահայտ քաղաքական ցինիզմով հայտարարում է, թե պատրաստ է Ադրբեջանին օգնել նաև սեփական զինուժով: Ի՞նչ է սա, եթե ոչ միջազգային հանցագործություն.
-«Վերջին տարիներին Մերձավոր Արևելքում տեղ գտած մի շարք իրողություններ միտում ունեն տեղափոխվելու հարավկովկասյան տարածաշրջան: Եվ դրա հիմանական բացատրությունն այն է, որ այս տարածաշրջանում ևս հիմնական ապակայունացնող գործոնը Թուրքիան է»,-այսպես է NEWSMEDIA.am-ի հետ զրույցում իրավիճակը դիտարկում տարածաշրջանային հարցերով փորձագետ, արաբագետ Արմեն Պետրոսյանը:
Նրա հետ զրուցել ենք ռազմա-քաղաքական իրավիճակի, հետագա հնարավոր զարգացումների մասին: Փորձագետի համոզմամբ՝ Արցախի և հայ ժողովրդի դեմ սանձազերծված այս լայնամասշտաբ պատերազմն ուղղակի սպառնալիք է հանդիսանում ոչ միայն տարածաշրջանի, այլև միջազգային անվտանգությանը՝ իր բոլոր հնարավոր դրսևորումներով, այդ թվում՝ ահաբեկչական սպառնալիքի աճի տեսանկյունից:
-Հարգելի՛ Արմեն, վերջին տարիներին աշխարհն ականատեսն է, թե Մերձավոր Արևելքն ինչպես է դարձել ահաբեկչական խմբավորումների կործանարար գործունեության թատերաբեմ: Անգամ փաստեր կային, որ օրինակ, «Իսլամական պետության» շարքերը համալրվում էր ադրբեջանցիներով: Սպասելի է՞ր, որ այդ խմբավորումները կներգրավվեն ադրբեջանական զինուժում, և կօգտագործվեն Հայաստանի ու Արցախի դեմ հարձակման համար:
-Անշուշտ, վերջին տարիներին Մերձավոր Արևելքում տեղ գտած մի շարք իրողություններ՝ միտում ունեն տեղափոխվելու հարավկովկասյան տարածաշրջան: Եվ դրա հիմնական բացատրությունն այն է, որ այս տարածաշրջանում ևս հիմնական ապակայունացնող գործոնը՝ Թուրքիան է: Ինչ վերաբերում է «Իսլամական պետության» զինյալների ներգրավվմանն ադրբեջանական զինված ուժերում, ապա ես առայժմ կդժվարանամ նման պնդումներ կատարել, քանի որ դեռևս չկան հստակ փաստեր հենց այս խմբավորման՝ մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ: Մինչդեռ արդեն իսկ հանրահայտ փաստ է, որ ադրբեջանական զինված ուժերում գործում են Սիրիայում ձևավորված տարբեր խմբավորումների զինյալներ, և սրա բացատրությունը նույնպես միանշանակ է, քանի որ զինյալներին տարբեր ռազմական գործողություններում տարբեր նպատակներով կիրառումը՝ հատկապետ Թուրքիայի մարտավարական ձեռագիրն է:
-2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ. ռազմական փորձագետները ապացուցեցին, որ ադրբեջանական զինուժի շարքերում եղել են վարձկան ահաբեկիչներ: Իսկ այսօր նրանց թիվն ավելի մեծ ընդգրկում ունի: Ո՞ր խմբավորումներից են ներգրավված ահաբեկիչները: Եվ այս պատերազմն իր դրսևորումներով. ինչո՞վ է առանձնանում 2016-ի ռազմական էսկալացիայից:
-2016-ի Ապրիլյան ռազմական գործողությունները որոշակիորեն նույն տրամաբանության մեջ էին, ինչ ներկայում ընթացքող պատերազմը, պարզապես սահմանափակ աշխարհագրական և ժամանակային սահմաններում. այլ քաղաքական իրողությունների պայմաններում: Դրանք նպատակ ունեին փոխել ստատուս-քվոն մարտադաշտում, ազդել բանակցային գործընթացի վրա, ինչը չստացվեց։ Ռազմական հարթությունում նույն տրամաբանության մեջ է թշնամու ներկայիս գործելաոճը, բայց արդեն նրա հնարավորությունների ողջ ներուժի գործադրմամբ։ Ինչպես 2016-ին, այնպես էլ ներկայում՝ Թուրքիայի ուղղակի ներգրավման պարագայում. թշնամու մարտավարության առանցքային բաղադրիչներից մեկն էլ տարաբնույթ խմբավորումների, վարձկան զինյալների կիրառումն էր մարտական գործողությունների ընթացքում: Դրա հիմնական նպատակը՝ մարտադաշտում սեփական կորուստների ծավալը նվազեցնելն է, առանձին նշանակության գործողությունները նրանց ձեռամբ իրականացնելը, և այլն։
Այսօր ընթացող պատերազմական գործողություններում, մասնակցում են հիմնականում Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից ձևավորված և հովանավորվող մի շարք այնպիսի խմբավորումների, կառույցների զինյալներ, ինչպիսիք են «Ալ Համզա», «Սուլթան Մուրադ», «Շահ Սուլեյման» խմբավորումները, որոնք ինչպես Սիրիայում ու Լիբիայում, այնպես էլ ներկայում՝ արցախյան ռազմաճակատում, ըստ էության, ներկայացնում և պաշտպանում են Թուրքիայի շահերը: Բացի նշվածներից, զգալի թիվ են կազմում սիրիացի փախստականների ճամբարներից հավաքագրված վարձկանները, որոնք հիմնականում օգտագործվում են որպես «թնդանոթի միս» ՝ ներգրավվելով ռազմական գործողությունների առաջնագծում:
Ինչ վերաբերում է 2016 թվականի ռազմական գործողությունների և ներկա պատերազմի համեմատությանը, ապա տարբերությունը՝ բնականաբար բավականաչափ մեծ է։ Ներկայում ընթանում է լայնամասշտաբ պատերազմ, ռազմագիտական եզրաբանությամբ՝ ընթանում է 5-րդ սերնդի պատերազմ. մեր՝ հայկական կողմի ընկալմամբ՝ Հայրենական պատերազմ, և ինչը չափազանց կարևոր է՝ անկանխատեսելի զարգացումներով, և պատերազմ, որն արդեն իսկ տարբեր բաղադրիչներով ու դրսևորումներով դուրս է եկել բուն ռազմական գործողությունների բուն թատերաբեմից, և հղի է ավելի լայն մասշտաբներ ընդգրկելու սպառնալիքով:
-Կարո՞ղ ենք ասել, որ 2016-ի ռազմական էսկալացիան նախապատրաստական փուլ էր թուրք –ադրբեջանական տանդեմի համար՝ սկսելու ավելի լայնամասշտաբ հարձակում: Եվ այս իրավիճակն ինչի՞ կհանգեցնի Ռուսաստանի ու Իրանի համար:
-2016-ի Ապրիլյան ռազմական գործողությունները, դրանց նախորդած ու հաջորդած բազմաթիվ այլ գործողությունները, ինչպես նաև 2020 թվականի հուլիին Տավուշյան զարգացումները, բացի նշվածից, բազմաթիվ թուրք-ադրբեջանական զորավարժությունները, բնականաբար, կարելի է դիտարկել որպես նախապատրաստական փուլ՝ առավել լայնամասշտաբ ու ագրեսիվ պատերազմի համար: Ընդ որում, այդ նախապատրաստություններն իրականացվել են ոչ միայն ռազմական դաշտում, այլև տեղեկատվական, քարոզչական, քաղաքական ու դիվանագիտական հարթակներում:
Կասկածից վեր է, որ այս պատերազմն ուղղակիորեն շոշափում է Իրանի ու Ռուսաստանի շահերը, որովհետև Թուրքիայի անմիջական ներգրավվումը գործընթացին նպատակ ունի տարածաշրջանում սեփական ազդեցության մեծացման, որն ուղղակիորեն բախվում է Ռուսաստանի և Իրանի շահերին: Եվ պատերազմական գործողությունների ներկա ընթացքը և փաստացի Մոսկվայի ու Թեհրանի կողմից դրանց վրա առարկայական ազդեցության հնարավորությունների բացակայությունը, նրանց շահերի անտեսումը դրա վառ ապացույցն է:
-Բազմաթիվ փորձագետներ նշել են, որ այսօր մենք կռվում ենք պանթուրքիզմի վտանգի ու միջազգային ահաբեկչության դեմ: Ինչի՞ է ուզում հասնել Թուրքիան՝ Մերձավոր Արևելքում, և արդեն մեր տարածաշրջանում վարձկան ահաբեկիչներին հովանավորելով:
-Անհերքելի փաստ է, որ Թուրքիայում իշխող վարչակարգն իր քաղաքականությամբ և գործողություններով այդ երկրին գրեթե բոլոր հարակից տարածաշրջանները կանգնեցրել է պանթյուրքիզմի և միջազգային ահաբեկչության վտանգի առջև: Այս գործելաոճը բնորոշ է Թուրքիայի իշխանություններին: Եվ վարձկանների կամ տարաբնույթ ծայրահեղական խմբավորումների մարտավարության կիրառմամբ նրանք փորձում են իրենց շահերի գոտի համարվող տարածաշրջաններում՝ լուծել ինչ-ինչ խնդիրներ, ընդլայնել ազդեցությունը, հետագայում կիրառել վարձկաններին և նման խմբերին՝ որպես հենակետ այդ տարածաշրջաններում, ինչպես նաև օգտագործել նրանց շարժունակության հնարավորությունն այլ տարածաշրջաններում՝ տարաբնույթ խնդիրներ լուծելու համար։
-Հնարավոր համարու՞մ եք, որ Թուրքիան վարձկան ահաբեկիչներին տարածաշրջան բերելով, կարող է նրանց շարքերում ներգրավվել նաև Չինաստանի ույղուրներին, որոնք թուրքեր են, և իրենց համարում են սելջուկների հետնորդները: Եվ արդյո՞ք Չինաստանը ևս չպետք է հետաքրքրված լինի մեր տարածաշրջանում անվտանգության խնդիրներով:
-Հաշվի առնելով Թուրքիայում իշխող վարչակարգի և նրա գործողությունների անկանխատեսելիությունը՝ ոչինչ բացառել հնարավոր չէ: Ինչպես Չինաստանը, տարածաշրջանի մյուս երկրները, այնպես էլ ամբողջ միջազգային հանրությունը պետք է ուշի-ուշով հետևի, անգամ սաստի Թուրքիայում իշխող էրդողանական վարչակարգի գործողությունները, որոնք ուղղակի սպառնալիք են հանդիսանում ոչ միայն տարածաշրջանի, այլև միջազգային անվտանգությանը՝ իր բոլոր հնարավոր դրսևորումներով, այդ թվում՝ ահաբեկչական սպառնալիքի աճի տեսանկյունից:
-Հոկտեմբերի 18-ին, Իրանի պաշտոնական շրջանակներից հայտարարվեց, որ լրացել է Իրանի դեմ ՄԱԿ-ի սահմանած զենքի էմբարգոյի ժամկետը : Համագործակցության ի՞նչ հեռանկար սա կարող է բացել մեզ համար՝ պայքարելու թուրք-ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի դեմ: Հատկապես, որ Ադրբեջանը Իրանի հետ նույնպես խնդիրներ է ստեղծում՝ կապված Ատրպատականի հետ:
-Ինչպես ներկայում ընթացող պատերազմը, այնպես էլ մեր տարածաշրջանում առկա մի շարք իրողություններ. լայն հնարավորություն են ստեղծում Հայաստանի և Իրանի միջև բազմաշերտ համագործակցության, այդ թվում նաև՝ անվտանգության և ռազմավարական բնույթի այլ ոլորտներում:
Չնայած հոկտեմբերի 18-ին լրացել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհդի կողմից Իրանի նկատմամբ սահմանված զենքի էմբարգոյի ժամկետը, և այդ երկիրն արդեն ազատ է ինչպես ձեռք բերել, այնպես էլ վաճառել ցանկացած բնույթի սպառազինություն, այնուամենայնիվ, գործում են ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցները, ինչը ենթադրում է, որ եթե որևէ երկիր ռազմական ոլորտում փորձի համագործակցել Իրանի հետ, ապա կարող է ենթարկվել պատժամիջոցների ԱՄՆ-ի կողմից:
Մինչդեռ այս հանգամանքը, բնականաբար, չի խանգարում Հայաստանին ձևավորելու բոլոր անհրաժեշտ մեխանիզները՝ հարկ եղած դեպքում օգտվելու նաև իրանական զենք ձեռք բերելու հնարավորությունից:
Պատերազմն անկանխատեսելի է, թե՛ ժամանակային, թե՛ ռեսուրսների առումով. Հայաստանը պետք է առնվազն փաթեթային տեսքով ունենա հնարավոր բոլոր սցենարները՝ իրավիճակային, առարկայական խնդիրներ լուծելու նպատակով:
-Դառնանք մեկ այլ կարևոր գործոնի. Իսրայելի ներգրավվածությանը թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած պատերազմի մեջ: Մի երկիր, որ ինքը տասնամյակներ շարունակ հակամարտության մեջ է, կրել է ահաբեկչական խմբավորումների հասցրած վնասները, այսօր սատարում է Ադրբեջանին ու Թուրքիային՝ Հայաստանի ու Արցախի դեմ պատերազմում: Ի՞նչ նպատակ ունեն տարածաշրջանում Իսրայելի կատարած այս քայլերը:
-Ակտիվ մարտական գործողությունների ընթաքցքում Իսրայելի կողմից սպառազինության շարունակվող մատակարարումները՝ խոսում են այն բանի մասին, որ այդ երկիրն անուղղակի մասնակցություն ունի թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմում: Եվ տրամաբանորեն, քաղաքական առումով սա թշնամական դիրքավորում է՝ հայկական կողմի նկատմամբ:
Խնդրի բարոյական կողմին չէի ցանկանա անդրադառնալ, քանի որ բարոյականությունը քաղաքական կատեգորիա չէ, իսկ Իսրայելի վարքագծում ակնհայտ են բազմաշերտ քաղաքական շահերը: Բայց, այնուամենայնիվ պատերազմական գործողությունների ավարտից հետո, խնդրի և՛ բարոյական, և՛ իրավական ասպեկտները հայկական կողմը պետք է, և կարո՛ղ է բարձրացնել, ինչպես միջազգային ատյաններում, այնպես էլ երկկողմ հարաբերություններում՝ որոշակի ճշգրտումներ մտցնելու համար:
Ինչ վերաբերում է Իսրայելի հետապնդած նպատակներին, ապա դրանք կարելի է տեղավորել առնվազն երկու հարթությունում. առաջինը տնտեսականն է, քանի որ նման ակտիվ ռազմական մատակարարումները փաստացի նաև տնտեսական լուրջ խնդիր են լուծում Իսրայելի իշխանությունների համար, որոնք այսօր նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով բախվել են լուրջ տնտեսական խնդիրների: Եվ չի բացառվում, որ նման բավականաչափ բարդ իրավիճակում. ռազմական մատակարարումները տնտեսական շատ մեծ շահույթներ են ապահովում Իսրայելի համար, քան դրանք կարող են լինել խաղաղ ժամանակահատվածում:
Երկրորդ հարթությունն Իսրայելի քաղաքականության համատեքստում է: Եվ միանշանակ է, որ ակտիվ ռազմական գործողությունների ընթացքում, նման աջակցությունն Իսրայելն արդեն հետպատերազմական շրջանում փորձելու է վաճառել Ադրբեջանի իշխանություններին՝ առնվազն հակաիրանական տարաբնույթ գործողությունների ավանդական պլացդարմն Ադրբեջանի տարածքում շատ ավելի ընդլայնելու նպատակով:
-ԱՄՆ-ն կարծեք թե չի խոչընդոտում ՆԱՏՕ-ի անդամ իր դաշնակցի գործողություններին: Իսրայելը զենք է մատակարարում Ադրբեջանին՝ Հայաստանի ու Արցախի դեմ ուղղված լայնածավալ պատերզամում: Անգամ հումանիտար բեռների անվան տակ՝ զենքեր ու զինտեխնիկա է բերվում: Կարո՞ղ ենք ասել, որ Իսրայելի այսպես բացահայտ խաղի մեջ մտնելը՝ նպատակ ունի թուլացնելու Ռուսաստանի ու Իրանի դիրքերը տարածաշրջանում:
-Արցախյան հինախնդրի և ներկա պատերազմի հետ կապված՝ ԱՄՆ-ի դիրքորոշումը կարելի է մեկնաբանել երկու հիմնական հարթություններում. առաջինը Միացյալ Նահանգների՝ Վաշինգտոնի որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դիրքորոշում, իսկ երկրորդը.Միացյալ Նահանգների՝ որպես Ռուսատանի Դաշնության և Իրանի հակառակորդի:
Առաջին հարթությունում Միացյալ Նահանգների քաղաքականությունը և գործողությունները ՝հիմնականում դիվանագիտական հարթությունում են, և ուղղված են որոշակի ազդեցություն ունենալու ներկայում ընթացող պատերազմական գործողությունները դադարեցնելուն: Միտված են ազդելու որոշակի գործընթացների վրա՝ անկախ դրանց արդյունավետությունից: Մինչդեռ շատ ավելի խորքային է երկրորդ հարթությունը, որտեղ որոշակի առումով Միացյալ Նահանգների շահերից է բխում՝ ներայում ընթացող պատերազմը: Եվ ըստ էության, մի կողմից չխոչընդոտելով ՆԱՏՕ-ում սեփական դաշնակցի համակողմանի աջակցությանը Ադրբեջանին, և մյուս կողմից՝ մեկ այլ դաշնակցի՝ Իսրայելի կողմից ցուցաբերվող ռազմական մատակարարումները, նման կերպ Վաշինգտոնը, ըստ էության, նպատակ է հետապնդում թուլացնել և՛ Իրանի, և՛Ռուսաստանի դիրքերը՝ այդ երկրների համար կենսական նշանակություն ունեցող այս տարածաշրջանում:
-Հարգելի՛ Արմեն, համագործակցության եզրեր կա՞ն Ադրբեջանի էթնիկ ժողովուրդների հետ համագործակցելու, և նրանց խնդիրները ևս միջազգային հանրությանը ներայացնելու համար:Ի՞նչ արդյունքի կարող ենք այստեղ հասնել:
-Հայաստանի Հանրապետության տարածաշրջանային քաղաքականության ուղեգծերից մեկն էլ՝ եղել է տարածաշրջանի էթնիկ և պետականազուրկ ժողովուրդների իրավունքների պաշտպանությունը: Որպես այս ուղեգծի օրինակ՝ կարելի է նշել 2014 թվականին «Իսլամական պետության» կողմից Իրաքում եզդիների ցեղասպանության նկատմամբ հայկական կողմի հստակ քայլերը, միջազգային հարթակներում:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի էթնիկ ժողովուրդների հետ գործակցությանը, ապա միանշանակ դրա համար հիմքեր կան: Եվ այդ հիմքերը բյուրեղանում են ներկայում ընթացող պատերազմի ընթացքում, երբ Ադրբեջանի իշխանությունները հերթական անգամ օգտագործում են էթնիկ ժողովուրդների ներկայացուցիչներին՝ (ռազմական գործողություններին առաջնագծում), դրանով փաստացի լուծելով ներքին տարաբնույթ խնդիրներ և, իհարկե, ոտնահարելով այդ ժողովուրդների իրավունքները:
Հետևաբար, Հայաստանի Հանրապետությունը ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում և ապագայում ունի բավականաչափ մեծ հնարավորություններ` զարգացնելու այս ուղղությունը և այն ծառայեցնելու նաև սեփական շահերին՝ ադրբեջանական հանրապետության ներսում քաղաքական գործընթացների վրա ազդելու տեսանկյունից:
-Որպես վերջաբան՝ կուզենայի Ձեր խոսքն ասել մեր բոլոր հերոս զինվորներին ու աշխարհասփյուռ հայությանը, ովքեր այսօր պայքարում են Արցախի անկախության միջազգային ճանաչման և ճշմարտության համար:
-Անխուսափելի և մեզ պարտադրված պատերազմում հաղթելու միակ երաշխիքը `համահայկական միասնությունն է, որին ականատեն ենք լինում նաև այսօր: Բացառապես Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունն է, որ ի զորու է կտրելու ցեղասպան և ահաբեկիչ թշնամու ձեռքերը այնպես, որ դրանք տևական ժամանակ չերկարեն և չսպառնան հակական երկու պետությունների խաղաղ և անխափան ընթացքին: Ինքս հպարտ եմ և ամեն օր հպարտանում եմ մեր հերոսական բանակով, նրանց առասպելական սխրանքներով ու քաջագործություններով: Եվ որպես կամավորագրված քաղաքացի՝ ինքս էլ սպասում եմ իմ հերթին՝ սրբազան պարտքս կատարելու մեր Հայրենիքի և ժողովրդի հանեպ: Երբ էլ լինի, ինչպես էլ լինի, հասնելու ենք մեր նպատակին, որովհետև հաղթանակը պարզապես այլընտրանք չունի:
Զրուցեց՝ Հասմիկ Պողոսյանը
NEWSMEDIA.am
Լուրեր Հայաստանից եւ Աշխարհից