Ասկերանի քաղաքապետը մանրամասնում է. «Սովորել ենք ապրել՝ մեր գլխին թափվող կրակի, ու թնդանոթների հետ միասին»
Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը, NEWSMEDIA.am-ի հետ զրույցում , անդրադառնալով սահմանին տիրող ներկա իրավիճակին եւ թշնամու դավադիր ու անփոփոխ ձեռագրին, նշեց. «Մենք արդեն սովորել ենք ապրել թնդանոթների, ու թշնամու կողմից մեր գլխին թափվող կրակի հետ միասին: Այս պահին, բարեբախտաբար կայուն վիճակ է. դե առավոտյան Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի վրա են խփել. երեւի գիտեք: Հիմա կայուն վիճակ է, ոչինչ»,-մեզ հետ զրույցում տեղեկացրեց Հայկ Շամիրյանը:
Քաղաքապետն իր խոսքում նշեց նաեւ.
-Բարեբախտաբար տուժածներ չկան, ապակիներ կան ջարդված, բայց իրավիճակը ներկա պահին վերահսկելի է: Տեղեկացնեմ նաեւ, որ մեզ մոտ ընդհանրապես որեւէ խուճապ չկա. մարդիկ արդեն սովորել են էս կրակոցներին, պատերազմին…եւ կյանքը իր բնականոն հունով շարունակվում է: Ասկերան քաղաքից ոչ մեկ՝ ոչ մի տեղ չի գնացել. մենք մեր հող ու ջրի համար պայքարելու ենք, եւ հաղթանակն էլ՝ անկասկած մերն է լինելու:
Մեր զինվորները՝ հերոսներ են, արծիվներ են. նրանք հերոսաբար են պահում մեր սահմանների անառիկությունն ու անվտանգությունը: Նրանցից ամեն մեկն իր տեղում՝մի կենդանի Հերոս է: Փառք ու պատիվ բոլորին: Մենք հաղթելու ենք.սա մեր լինելիության պայքարն է, եւ այն փառքով պետք է պսակենք:
Ն. Ավետիսյան
Արցախ-Երեւան