Ծրագիրը կարող է մի քանի փուլով հանգեցնել կայուն խաղաղության և վերջ դնել ԼՂ հակամարտությանը. Իրանի փոխարտգործնախարարը մեկնել է Բաքու ներկայացնելու Թեհրանի նախաձեռնությունը
Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին նախօրեին պարզաբանել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ իրանական նախաձեռնության որոշ առանցքներ, գրում է IRNA գործակալությունը։
Արաքչին, որն այժմ Բաքվում է գտնվում որպես Իրանի հատուկ բանագնաց, իր այցի նպատակն է համարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրանական նախաձեռնությունն առաջ մղելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատաելու առաքելությունը։
Այցի հիմնական նպատակն է ներկայացնել Իրանի Իսլամական Հանրապետության նախաձեռնությունը հակամարտության կարգավորման և երկու երկրների միջև կայուն խաղաղության հասնելու ուղղությամբ, ասել է նա։
Նրա խոսքով՝ այդ ծրագիրը մի քանի փուլով կարող է հանգեցնել կայուն խաղաղության և վերջ դնել ԼՂ-ում հակամարտությանը։
Նրա խոսքով՝ նախաձեռնության ևս մեկ առանցքային թեմա է հակամարտության դադարեցումը և խաղաղության ապահովման նպատակով ազդեցիկ երկրների միջոցով երկխոսության մեկնարկը։
Հայտնի է, որ Արաքչին կայցելի նաև Երևան, Մոսկվա և Անկարա: