Այդ հարցով ինձ կարող է դիմել միայն 44 օր շարունակ զինվորի կարագավիճակով ծառայած անձը. Որ դեպքում Արցախի ԱԺ նախագահը հրաժարական կտա.Iravunk.com
Այսօր մամուլում լուրեր էին տարածվել, որ առաջիկայում Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը պաշտոնից հրաժարվելու է, ով ԱՀ նախագահ Հարությունյանի կուսակիցն է, եւ, որ այդ պաշտոնում շուտով կնշանակվի ՀՅԴ-ական պատգամավոր, խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը:
Որքանո՞վ են տարածված լուրերը համապատասխանում իրականությանը փորձեցինք պարզել անձամբ ԱՀ ԱԺ նախագահ ԱՐԹՈՒՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՑ, ով փաստեց.
-Ինձ որեւէ մեկը նման կոչով, հորդորով առավելեւս պահանջով չի դիմել: Այդ հարցով ինձ կարող է դիմել, խնդրել միայն Արցախի` ինձ համար 44 օր շարունակ զինվորի կարագավիճակով ծառայած անձը` ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: Մնացած որեւէ քաղաքական ուժ` թե՛ ԱՀ-ում, թե՛ ՀՀ-ում գործող չեն կարող նման պահանջով հանդես գալ: Այդ դեպքում նրանք պետք է նայեն ուղիղ իմ աչքերի մեջ, ինչո՞ւ, որովհետեւ քաղաքական դաշտում անցկացրած իմ կենսագրության ընթացքում որեւէ մեկը չի կարող ինձ որեւէ բանում մեղադրել, առավելեւս պահանջներ ներկայացնել:
Արցախյան բոլոր պատերազմների ընթացքում Թովմասյան-Հայրապետյան-Գրիգորյան արական սեռի բոլոր տղաները գտնվել են ոչ թե Արցախում. այլ` առաջնագծում:
- Պարոն Թովմասյան, ասում են, որ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնն էլ շուտով զբաղեցնելու է Վիտալի Բալասյանը: Ինչպես կվերաբերեք նման նշանակմանը:
-Շատ լավ եմ դիտում: Առհասարակ ես գտնում եմ, որ բոլոր կուսակցությունները պետք է միանան այսօր Արցախի զարգացման շուրջ: Արցախում պետք է լինի մեկ կուսակցություն` Արցախի ժողովրդի կուսակցություն: Ամեն արցախցի պետք է իր ուժերի ներածին չափով օգտակար լինի Արցախի պետականաշինությանը:
- Երբեւէ կպատկերացնեի՞ք, որ Արցախի 70 տոկոսից ավելին կհանձնվեր Ադրբեջանին:
- Այս իրավիճալը ոչ միայն ինձ համար, այլ ցանկացած հայի համար անձնական դժբախտություն է: Մեկ բառով ասած` ազգային դժբախտություն: