ՀՀ նախագահը ոչ թե պետք է պահանջի Նիկոլի հրաժարականը, այլ՝ ինքն էլ հրաժարական տա. Բաբուխանյան.Iravunk TV
ԱԺ իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանի կարծիքով՝ «կաթողիկոսը ժողովուրդ չի, ոչ էլ Արամ Առաջինն է ժողովուրդ», որոնք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Բայց նրա հրաժարականը պահանջում են նաեւ ՀՀ նախագահը, ԵՊՀ գիտխորհուրդն ու հասարակության գրեթե բոլոր շերտերը: Ի վերջո, ո՞ր ժողովուրդը պետք է պահանջի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որ համարվի ժողովուրդ, «Ուրբաթ իրիկուն» հաղորդման շրջանակում, ի թիվս բազմաթիվ այլ հարցերի, հետաքրքրվեցինք ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻՑ:
- Ակնհայտ է, որ այսօր ամբողջ ժողովուրդը, բացառությամբ՝ գուցե 5-10 տոկոսի, ժողովրդի ճնշող մեծամասնության ինստիտուները, ինչպիսին է մեր Հայ Առաքելական եկեղեցին, ժողովրդի ինտիլիգենցիան, ինչպիսին են մեր բուհերը կամ ստեղծագործական միությունները, պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Անգամ եթե չպահանջեն էլ, Նիկոլը չի կարող կառավարել, որովհետեւ մարդկանց համար արդեն պարզ է իր էությունը: Իսկ երբ ասում են, թե կաթողիկոսները ժողովուրդ չեն եւ այլն, սա եւս մեկ անգամ բացահայտում է, որ Հայ Առաքելական եկեղեցու ոչնչացումը եղել է նիկոլականների հիմնական եւ առաջնային նպատակներից մեկը՝ որպես հայ ազգի ինքնության ոչնչացում: Դրա համար այսօր «Կյանքի խոսք» աղանդն է պահում Նիկոլին եւ իր այդ նիկոլիկներին: Մինչդեռ կա մեծամասնություն, որոնք հայ են եւ որոնք չեն ծախվում ոչ մեկին: Այդ մեծամասնությանը խաբել են, որովհետեւ մեր ժողովուրդը, երեւի, մի քիչ միամտացել էր, չարացել, նախանձն էր մտել իր մեջ, բայց այսօր այդ մարդկանց մեծ մասը սթափվել է: Եվ այսօր նրանք պահանջում են՝ Նիկո՛լ, հեռացիր: Բայց Ձեր թվարկածների շարքում զարմանալի է ՀՀ նախագահի անունը, որովհետեւ նա չպետք է պահանջի Նիկոլի հեռացումը, այլ մինչեւ այս ստեղծված իրավիճակը պետք է զբաղվեր իր սահմանադրական պարտականություներով եւ, որպես սահմանադրության երաշխավոր, պետք է կանխեր Նիկոլի կողմից հակասահմանադրական գործողություններն, այդ թվում՝ իշխանության յուրացումը, դատարանների ոչնչացումը եւ այլն: Եվ, ի վերջո, պետք է մամուլից չտեղեկանար, թե ինչ է կատարվում արցախյան պատերազմի առումով, այլ Նիկոլի կնոջ փոխարեն՝ ինքը պետք է լիներ շտաբում: Բայց նա այդ ժամանակ զբաղված էր տարօրինակ հայտարարություններ անելով, որ թույլ չենք տա Ադրբեջանի նավթի արտահանումը նավթամուղով հանկարծ խափանվի: Այստեղ հարց է ծագում՝ ի՞նչ է սա նշանակում, երբ մի երկրի նախագահը մտահոգված է թշնամի երկրի արտահանումը ապահովելով: Հետեւապես, նա ոչ թե պետք է պահանջի Նիկոլի հրաժարականը, այլ ինքն էլ հրաժարական տա: Իսկ իր այդ մտահոգությունները, գործողություններն եւ անգործությունը քննելու եւ հասկանալու առիթ է: Այնպես որ, այն ինչ դուք թվարկեցիք, շատ կարեւորագույն ազգային ինստիտուտներ են, նրանց պահանջը պետք է կատարվի՝ Նիկոլը պետք է օր առաջ գնա, անցնցում եւ բանակցություներով: Իսկ ինչ վերաբերում է նախագահին, նա էլ պետք է հեռանա, ինչպես Ազգային ժողովն ու անձամբ Նիկոլը:
Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում: