Ինչպես է ստացվել, որ ունեցանք աղքատ բանակ՝ բայց հարուստ գեներալներ

Արցախյան այս նոր գոյամարտի, եւ մեր պատմության ամենախայտառակ ու
ողբերգական էջից հետո, երբ ունեցանք լրջագույն մարդկային եւ տարածքային կորուստներ, երբ ունենք անհետ կորած տղաներ ու գերիներ, երբ թշնամին արդեն ոտքն է ամրացնում Սյունիքում, եւ շարունակում է սուր ճոճել ՀՀ-ի գլխին, փորձեցինք պարզել եւ հասկանալ, թե ինչպե՞ս եւ ի՞նչ ճանապարհով է ստացվել, որ ունեցանք թույլ ու աղքատ բանակ՝ բայց փոխարենը բազում ու բազմապիսի հարուստ ու միլիոնատեր գեներալներ: Եվ այսքան շատ գեներալներ ունեցող պետությունը ինչո՞ւ պարտվեց:
Տարիներ շարունակ, ամենատարբեր բիզնես հետաքրքրությունների, այլոց
բիզնեսներն «իրենով անելու», բանակում առավել «չաղ ու բախտավոր»
կարգավիճակ ունեցողի համաբավ է ունեցել զորօրինակ գեներալ Հայկազ
Բաղմանյանը, ով ի դեպ 2018-ից զբաղեցնում է ՀԱՊԿ միացյալ շտաբի
պետի տեղակալի պաշտոնը:
Վերջինս մեզ հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ արեց նա ի պաշտոնե` ո՞ւր մնաց ՀԱՊԿ-ը, եւ որպես վաստակաշատ գեներալ այս
պատերազմում ի՞նչ արեց գեներալը, եւ թե ինչպե՞ս է ստացվում, որ իրեն են վերագրվում բազում ու բազմապիսի եկամտաբեր բիզնեսներ, Բաղմանյանը արձագանքեց, թե ինքը ոչ թե շատ բիզնեսներ ունի, այլ շատ լավ ու հարուստ ընկերներ:
-Պարոն Բաղմանյան, դուք ի՞նչ արեցիք կոնկրետ այս պատերազմում: Ո՞րն էր Ձեր լուման, կարողացա՞ք օրինակ նույն ՀԱՊԿ-ում հավուր պատշաճի ներկայացնել իրավիճակը թե ինչ էր կատարվում Հայաստանում:
Հիշեցնեմ, որ ադրբեջանական անօդաչուները Արցախյան պատերազմի
օրերին՝ «ժամանել» էին Հայաստան: Ավելին, Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ-ի տարածքում խոցել էր ՍՈւ-25-ը, որի արդյունքում օդաչուն զոհվել էր:
-Արդեն գրոհում եք… ամեն ինչ ասվել ա, խոսացվել ա: Բա ո՞նց չեմ ներկայացրել իրավիճակը: Խոսել ենք, ամեն ինչ ասել ենք, որոշումներ ենք կայացրել: Արվել ա ամեն ինչ: Անպայման:
-Իսկ ի՞նչ եք խոսել, ի՞նչ որոշումներ եք կայացրել: Կասե՞ք, հայ ազգն էլ իմանա:
-Դե էդ չեղավ արդեն. հո՞ ամեն ինչ հիմա չեմ պատմելու Ձեզ: Մենք շատ գործ ենք արել, ու շատ բան ենք արել մեր ազգի, ժողովորդի, մեր հայրենիքի համար: Ես տարիներ շարունակ ծառայել իմ ազգին, բանակին, իմ ժողովրդին: Էդ բոլորը գիտեն:
-Էդ շատ գործերից մեկը թվարկեք:
-Հիմա հո կյանքս չեմ դնելու պատմեմ:
-Չէ, դուք մի օրինակ բերեք. թե ինչ լավ գործ եք արել հայոց բանակի համար, հայ զինվորի համար:Կարող ե՞ք, որեւէ «սխրանք» մատնացույց անել:
-Դե հիմա դու ի՞նչ ես ուզում ինձանից չգիտեմ: Ինչ էլի եկաք՝ կպաք գեներալներին: Սաղ այ դուք, դուք արեցիք, որ սենց եղավ: Այ ձեր լրագրողներով էնքան կպաք մեր գներալներին, որ էլ …
-Որ էլ ի՞նչ. հա…փաստորեն լրագրողները հանձնեցին Արցախը, չգիտեի…
փաստորեն էլի մենք էինք մեղավոր, որ Արցախում զլացել էին բլինդաժներ կառուցել, օդը պաշտպանել, զինվորի համար զրահաբաճկոն ու սաղավարտ գնել: Հա, երեւի էլի լրագրողներն էին հաստատ «մեղավոր» , որ ունեցանք աղքատ բանակ՝ բայց միլիոնատեր գեներալներ: Ովքեր կարողացան տարիներ շարունակ կապիտալներ կուտակել:
-Սաղ մեղավորը դուք եք, որ գեներալներին մասին գրում եք: Մենք շատ գործ ենք անում, էդ ուղղակի դուք չգիտեք: Գեներալները՝ հարուստ են հոգով:
-Հիմա դուք հոգով ե՞ք հարուստ, թե՞ Ձեր կարողություններով:
-Իհարկե հոգով: Բայց ես ինչ կարողություններ ունեմ, ո՞ր: Ես ուղղակի շատ լավ ընկերներ ունեմ:
-Եւ Ձեր բոլոր ընկերները՝ մեկը մյուսից հարուստ են: Իսկ եթե բարձրաստիճան
զինվորական չլինեիք, եւ չզբաղեցնեիք նման բարձր պաշտոններ, կունենայի՞ք այդպիսի հարուստ ընկերներ…
-Հա հիմա ի՞նչ ես ասում: Ասա՝չանե՞մ էլ ընկերություն իրանց հետ: Եթե պետք չի՝ չանենք: Որ շատ եք ուզում ասեմ: Օրինակ, իմ լավ ընկերներից մեկը ՝ Արցախյան այս նոր պատերազմի ժամանակ, 1 մլն դոլար է նվիրաբերել: Էդ Ձեզ հլը մեկն ասեցի. հիմա դա լավ ա՞, թե՞ վատ ա: Հիմա ասա` ընկերություն անենք, թե՞ չանենք լավ մարդկանց հետ:
-Հիմա որ ասեմ ընկերություն մի արեք, իմ ասելով հրաժարվելու ե՞ք Ձեր ընկերներից:
-Դե ես էլ ասում եմ. լավ ա՞, թե՞ վատ ա որ լավ մարդկանցով ես շրջապատված լինում: Հերիք ա էլի. գնաք՝ գաք կպնեք մեզ, գնաք՝ գաք «քրքրեք»: Դե ես էլ ասում եմ. Ձեզ լիքը փող են տվել, ու ասել են Բաղմանյան Հայկազին խոսացրու:
-Պարոն Բաղմանյան, դուք հենց հիմա մեղադրանք հնչեցրեցիք. կարծում եմ
գիտակցում եք ձեր հայտարարության լրջությունը:
-Դե հիմա ես էլ եմ ասում. օդում կախված լուրերի համաձայն:
-Հա, հետ չեք մնում դասականից. համ էլ փոխում եք ձեր խոսքը:
-Դե լավ էլի, մի հատ լավ բան գրեք մի օր, մի լավ բան ասեք:
-Ասեմ. ինչքանով են ճի՞շտ այն խոսակցությունները, որ դուք խեցգետնի
արտահանմամբ եք զբաղվում, որ Ձեր տղան գազալցական ունի, որ դուք փորձել եք «ձեզանով անել» «Մարտունի պանրագործարան» ԲԲԸ-ն:
-Հետո՞:
-Հետո էլի կա, մեկնաբանեք, շարունակեմ:
-Հա բայց դուք չտեսա՞ք, որ իրավական գործընթաց եղավ, ու օրենքը ի՞նչ պարզեց՝ ձեր ասած գործարանի հետ կապված:
-Դե օրենքն ու իրավունքն էլ է գուցե «ձեր կողմից», պարոն Բաղմանյան: Չենք
մոռանում. «Ուժեղի մոտ՝ միշտ էլ թույլն է մեղավոր»:
-Օրենքի դեմ՝ տենց բան չկա:
-Բայց էդ օրենքը՝ շատ հաճախ գուցե «դուք եք»…
-Դե հիմա ասում ես, ասում եմ` բա ինչի՞ չկարողացան ապացուցել:
Զրույցի ուշագրավ մանրամասները՝ հաջորդիվ:
ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆ