Փաստորեն մեզ համար այսօրվա կարևորագույն հարցերի քննարկումը մերժելով՝ Ալիևը ստիպեց Փաշինյանին խայտառակ կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրելուց հետո, ստորագրել ևս մի փաստաթուղթ՝ Ադրբեջանից Նախիջևան ու Թուրքիա Հայաստանի տարածքով ճանապարհ կառուցելու մասին
Այսօր Մոսկվայում տեղի ունեցած Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ բանակցություններից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրեն չհաջողվեց լուծել ռազմագերիների վերադարձի հարցը՝ նշելով սակայն, որ համատեղ հայտարարություն են ստորագրել, համաձայն որի՝ լուծվել է տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը:
Ինչպես է գնահատում Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը, «Իրավունքը» փորձեց պարզել անձամբ ԱՀ նախկին վարչապետից, ով կարճ, բայց բովանդակալից տվեց հետեւյալ պատասխանը.
- Հերթական անգամ Փաշինյանին ցույց տվեցին իր տեղը։ Պուտին-Ալիեւ-Փաշինյան եռակողմ ճեպազրույցի ընթացքում Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի ստատուսի, ինչպես նաև գերիների հարցերը չեն լուծվել։ Ալիևը հայտարարեց, որ Արցախի հարցը լուծված է վերջնականապես, իսկ գերիների հարցին ընդհանրապես չանդրադարձավ։
Փաստորեն մեզ համար այսօրվա կարևորագույն հարցերի քննարկումը մերժելով՝ Ալիևը ստիպեց Փաշինյանին խայտառակ կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրելուց հետո, ստորագրել ևս մի փաստաթուղթ՝ Ադրբեջանից Նախիջևան ու Թուրքիա Հայաստանի տարածքով ճանապարհ կառուցելու մասին, որը լիովին բխում է Ադրբեջանի շահերից։ Հաստատվեց մեր այն պնդումները, որ պարտված ղեկավարի փաստարկների ու առաջարկների հետ ոչ ոք հաշվի չի նստելու, նրա ներկայացրած հարցերը ուշադրության չեն արժանանալու Իսկ հաղթող կողմը՝ ի դեմս Ալիևի, պարտադրելու է Փաշինյանին ստորագրել այն, ինչ ձեռնտու է իրեն այս պահին, անուշադրության մատնելով Փաշինյանի բարձրացրած հարցերը։
Հերթական անգամ հրապարակայնորեն նվաստացնելով Փաշինյանին, միջազգային հարթակում իրականում նվաստացվում է Հայաստանը, նվաստացվում է հայ ժողովուրդը: Այս ամենը շարունակվելու է քանի դեռ մենք հանդուրժում ենք, որ մեր երկիրը, մեր ազգը ներկայացնում է պարտված ղեկավարը: