ՃՈ տեսուչների կողմից տուգանային միավորներ հանելու որոշումը ժամանակավորապես կհետաձգվի
Խորհրդարանում քննարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
«Նախագիծը նպատակ ունի ապահովելու ճանապարհային երթևեկության ոլորտում կատարվող իրավախախտումների համար կիրառվող տուգանային միավորների համակարգի ամբողջական և պատշաճ գործարկումը՝ կանխարգելելու ճանապարհային երթևեկության կանոնների հնարավոր խախտումները վարելու իրավունք չունեցող անձանց կողմից, ինչպես նաև երաշխավորելու չարամտորեն կատարվող խախտումների դեպքում պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը», - առաջարկվող փոփոխությունները ներկայացրեց հիմնական զեկուցող, ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը։
Փոխոստիկանապետը տեղեկացրեց, որ օրինագծի ընդունման արդյունքում ՃՈ ճանապարհապարեկային ծառայողների կողմից արձանագրվող խախտումների համար տուգանային միավորների համակարգի կիրառումը ժամանակավորապես կհետաձգվի մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը։
Մինչ այդ տուգանային միավորը որպես վարչական տույժ կիրառվելու է միայն տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին օրենքով քննության ենթակա գործերով։