Սաուդյան Արաբիան մտադիր է 20 միլիարդ դոլար ներդնել սեփական զենքի արտադրության մեջ
Սաուդյան Արաբիան մտադիր է հաջորդ տասնամյակում 20 միլիարդ դոլար ներդնել սեփական զենքի եւ ռազմական համակարգերի արտադրության մեջ:
Մինչեւ 2030 թվականը երկիրը ցանկանում է իր ռազմական բյուջեի գոնե կեսը ծախսել տեղական մակարդակում: «Հաջորդ տասնամյակում մենք ավելի քան 10 միլիարդ դոլար կներդնենք Սաուդյան Արաբիայի ռազմական արդյունաբերության եւ հավասար քանակությամբ հետազոտության եւ զարգացման մեջ»,- ասել է ռազմական արդյունաբերության գլխավոր վարչության (GAMI) ղեկավար Ահմեդ բին Աբդել Ազիզ Ալ-Օհալին:
Նրա խոսքով՝ թագավորությունը նախատեսում է ռազմական հետազոտությունների եւ զարգացման վրա ծախսերը 0,2 տոկոսից հասցնել շուրջ չորս տոկոսի:
Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր Սաուդյան Արաբիային եւ Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ) զենքի որոշ վաճառքի ժամանակավոր սառեցման մասին:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր վարչակազմը հայտարարել է, որ դադարեցնում է Թրամփի ժամանակաշրջանի զենքի վերջին գործարքների իրականացումը, ներառյալ Սաուդյան Արաբիային զինամթերքի եւ ԱՄԷ-ին F-35 կործանիչների վաճառքը:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը բախվել է ակտիվիստների քննադատությանը այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ 2020 թվականի հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում հաստատվել է Սաուդյան Արաբիային 1,9 միլիարդ դոլարի զենքի վաճառքը: