Հայ հողում ծառայող ռուս զինվորականներին մաղթում ենք խաղաղություն ու առողջություն
«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի շնորհավորանքը
«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման անունից սրտանց շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետությունում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմակայանի անձնակազմին, Հայաստանի սահմանները պաշտպանող ՌԴ սահմանապահներին, Արցախի սահմանները պաշտպանող ռուս խաղաղապահներին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում իրենց ծառայությունը անցկացնող ՌԴ այլ զինվորականներին ՌԴ Հայրենիքի պաշտպանի պետական տոնի կապակցությամբ:
Հայ ժողովուրդը երախտագիտությամբ է ընդունում մեր տարածաշրջանում այս բարդ ռազմաքաղաքական իրավիճակի պայմաններում ռուս զինվորականների Հայաստանում ու Արցախում անձնվեր ծառայությունը, որն ուղղված է մեր պետության ու հայ ժողովրդի անվտանգությունը ապահովելուն եւ տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն:
Պատմականորեն հայ եւ ռուս զինվորները միշտ կողք կողքի պայքարել են մեր երկրների ազատության, անվտանգության ու պատվի համար: Դարերի ընթացքում տասնյակ-հազարավոր ռուս զինվորականներ իրենց մահկանացուն կնքել են հայ հողում` պաշտպանելով մեր երկիրը զավթիչներից: Իր հերթին հայ մարշալները, գեներալները, սպաները ու զինվորները հերոսաբար կռվում էին Ռուսաստանի համար: Ֆաշիզմի դեմ Սովետական Միության վարած Հայրենական պատերազմում մեր ժողովուրդների ռազմիկները կողք կողքի ազատագրում էին մեր ընդհանուր երկիրը թշնամուց եւ անառիկ պահում հայ-թուրքական սահմանը` թույլ չտալով ցեղասպան Թուրքիային իրականացնել իր արյունալի ծրագրերը:
Այդ փառապանծ ռազմական եղբայրությունը ամրապնդվում եւ կոփվում է նաեւ մեր օերերում: Ձեւավորվել է Հայաստանի ու Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորախումբ: ՌԴ եւ ՀՀ սահմանապահները միացյալ ուժերով ապահովում են Հայաստանի Հանրապետության եւ Արցախի սահմանների անվտանգությունը:
Մենք միշտ եղել ենք հայ-ռուսական ռազմական համագործակցության ընդլայնման, խորացման եւ ամրապնդման կողմակիցները: Այսօր էլ Հայաստանի, Արցախի, ինչպես նաեւՀԱՊԿ-ի հարավարեւմտյան ուղղության անվտանգության երաշխիքը տեսնում ենք հայ-ռուսական համատեղ ռազմական զորախմբի աճող հզորության, ռազմատեխնիկական վերազինման ու մարտական պատրաստվածության բարձրացման մեջ: Մենք կողջունենք Սյունիքում համատեղ զորախմբի ռազմակայան ստեղծելու գաղափարը:
Շնորհավորելով ՌԴ զինվորականությանը եւ ուժային կառույցներին իրենց տոնի առթիվ, մաղթում ենք Հայաստանում եւ Արցախում անվտանգ ու խաղաղ ծառայություն ու հաղթանակներ հանուն մեր երկրների ու ժողովուրդների անվտանգության, եղբայրության ու բարեկեցության: Հայ հողում իր ծառայությունը անցկացնող բոլոր ռուսաստանյան զինվորականներին մաղթում ենք առողջություն եւ անձնական երջանկություն:
Կեցցե՜ հայ-ռուսական ռազմական եղբայրությունը:
Երեւան, 23 փետրվարի 2021թ.