Դատարանը եւս փաստեց, որ Հայկ Բաբուխանյանը սորոսական չէ, բայց հայցը մերժեց

Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Դիանա Հովհաննիսյանի մեկ տարուց ավել ընթացող դատավարությունը հասել է ավարտին: Դատարանը քննելով սույն գործը վճռել է` Հայկ Բորիսի Բաբուխանյանի հայցը ընդդեմ «Բաց հասարակություն» հիմնադրամի ծրագրի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի զրպարտություն համարվող տեղեկությունը հերքելու եւ հրապարակային ներողողություն խնդրելու պարտավորեցնելու վերաբերյալ` մերժել: Միառժամանակ, դատարանը եկել այն եզրահանգման է, որ Հայկ Բաբուխանյանը սորոսական չէ:
Հիշեցնենք, Ջորջ Սորոսի հայաստանյան ներկայացուցիչ Լարիսա Միասյանը փորձել էր թիրախավորել ԱԺ մի քանի գումարման պատգամավոր, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանին, ինչի հետեւանքով ՍԻՄ նախագահը դիմել էր դատարան դեռեւս անցյալ տարի: Մատնանշելով հետեւյալը. «Ես երբեք չեմ դիմել Սորոսին որեւէ գումար ստանալու համար եւ սորոսականների հարձակումն ինձ վրա պայմանավորված է նրանով, որ ես տարիներ շարունակ պատռում եմ նրանց հակազգային ու հակահայկական դեմքը: Սակայն օտար ուժերի կամակատարների այս ճիգերը ծիծաղելի են քանի որ իմ դեմ ոչինչ չգտնելով նրանք մեջտեղ են բերել ինչ որ 20 տարվա վաղեմության օդանավի տոմս, որը միայն ապացուցում է, որ ես ճիշտ եմ, իսկ նրանք սխալ»:
Դատարանի կայացրած վճռի, դրա իրավական հենքի, եւ հայցվոր կողմի հետագան անելիքների մասին «Իրավունքը» զրուցել է ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանի շահերի ներկայացուցիչ, աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան, «Լեւ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար Լեւոն Բաղդասարյանի հետ, ով անդրադառնալով դատարանի կայացրած վճռին փաստեց.
-Արձանագրում եմ, որ դատական նման ակտը չի կարող լինել իրավաչափ եւ հեղինակավոր: Ուստի, օրենքով սահմանված ժամկետներում վճիռը բողոքարկվելու է Վերաքննիչ դատարան: Դատարանը իր կայացրած դատական ակտում մասնավորապես դրել է այն հանգամանքը, որ Սորոսի գրասենյակից դրամաշնորհ ստանալը օբյեկտիվորեն չի կարող հանդիսանալ որեւէ անձի պատիվը եւ արժանպատվությունը արատավորող հանգամանք: Մինչդեռ, նման գնահատական տալուց առաջ կարծում եմ` դատարանը պետք է հաշվի առներ այն հանգամանքը, որ հասարակության մի լայն հատված գտնում է, որ Սորոսի գրասենյակը երկրի անվտանգության հետ կապված աղերս ունի: Ինչը նաեւ վերահաստատել են իրավապահ մարմինների մի շարք պատասխանատու անձիք եւ նման պայմաններում ընդհանուր ձեւաչափով դիտել, որ նման հիմնադրամից իբր գումար ստանալը չի կարող պատվի արժանապատվության հետ խնդիր ունենալ` այդպես չէ: Թող օրինակս կոպիտ չհնչի, բայց երբ գինեմոլին ասում են գինեմոլ` վերջինս դրանից վատ չի զգում, բայց երբ ոչ հարբեցողին անվանենք գինեմոլ կամ հարբեցող, բնականաբար, վերջինիս պատվի, արժանապատվության հետ կապված աղերս կարող է լինել:
Դատարանը վճիռ կայացնելուց հիմք է ընդունել այն հանգամանքը, որ դատարանում` դատական նիստի ընթացքում, դատարանի հարցադրմանը պատասխանող կողմը փաստել է, որ Հայկ Բաբուխանյանը սորոսական չէ: Այսինքն ստացվում է հետեւյալ զավեշտալի պատկերը, մի դեպքում հատուկ մամլո ասուլիսի ժամանակ Մինասյանը սորոսականների շարքում հնչեցնում է Հայկ Բաբուխանյանի անունը, բայց դատարանում ` ինքն իրեն հակասում է եւ ըստ էության հայտնում ճշմարտությունը:
Ուզում եմ արձանագրել, որ դատարանը առեւերույթ պատասխանող կողմի բառախաղի արդյունքում եկել է իրավական գնահատականի: Ուստի, մեկ անգամ եւս փաստում եմ, որ չի կարող այդ դատական ակտը լինել իրավաչափ եւ հեղինակավոր:
-Պարոն Բաղդասարյան, ստացվում է, որ դատարանը մերժել է հայցը, սակայն միառժամանակ փաստել, որ, այո, Հայկ Բաբուխանյանը սորոսական չէ:
-Այ՛ո:
-Պարոն Բաղդասարայան, ըստ էության Լարիսա Մինասյանը, մեղմ ասած, քչփորելով 21 տարվա վաղեմության ինչ-որ փաստաթղթեր փորձեց ազգային շահերով առաջնորդվող քաղաքական գործչին նույնացնել սորոսականների հետ: Հստակ միտում տեսնո՞ւմ եք այստեղ:
-Հարցը իսկապես տեղին էր, որովհետեւ միանշանակ միտումն ակնհայտ է: Ես ավելի քան ներքին համոզմունքի եմ եկել, որ դա արվեց, որպեսզի ցույց տան, որ այն անձնավորությունը ով պայքարում է տվյալ հակապետական կառույցի դեմ` իբր սորոսական է:
-Պարոն Բաղդասարյան, ես հիշում եմ, որ Դուք դեռեւս նախնական դատական նիստերի ընթացքում միջնորդել էիք, որպեսզի իրականացվի ձեռագրաբանական փորձաքննություն, սակայն դատարանի կողմից այն մերժվեց: Այն պարագայում, երբ պատասխանող կողմը, ըստ էության, դատարանում չբացառեց, որ հնարավոր է, որ այն գրված լինի այլ անձի կողմից: Ինչո՞ւ անգամ այս դեպքում` դատարանը չբավարարեց վերը նշված միջնորդությունը, որը հավելյալ լույս կսփռեր հնչեցվող կեղծիքի վրա:
- Այո, նախնական դատական նիստի ընթացքում պատասխանող կողմը ցույց տրեց մի փաստաթուղթ, որ իբր իմ վստահորդը հաշվետվություն է ներկայացրել այդ կազմակերպությանը դրամաշնորհից օգտվելուց հետո: Հայցվոր կողմը բարձրաձայնեց, որ դա իրականությանը չի համապատասխանում: Ընդ որում այդ հաշվետվությունը գրված էր ռուսերեն լեզվով` ուղղագրական տառասխալներով: Եվ, այ՛ո, ճիշտ եք, մենք միջնորդեցինք, որպեսզի դատարանը որոշում կայացնի տվյալ փաստաթուղթը ձեռագրաբանական փորձաքննության ենթարկելու համար: Որը, տարօրինակ կերպով դատարանը մերժեց, իսկ պատասխանող կողմի ներկայացուցիչը հայտարարեց, որ չի բացառվում, որ, այո, հայցվոր կողմը չի ստորագրել:
Ահավասիկ, սույն քաղաքացիական գործով նախագահող դատավորի կողմից` իմ կարծիքով, դատավարական եւ նյութական իրավանորմի խախտումները հանգեցրել են ոչ իրավաչափ եւ հեղինակավոր դատական ակտի: