ՌԴ-ում հերքում են Գերմանիայի հետ «Սպուտնիկ V»-ի շուրջ բանակցությունների՝ փակուղում հայտնվելու մասին լուրերը
Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը հերքել է լուրերը, որ Գերմանիայի հետ «Սպուտնիկ V»-ի շուրջ բանակցությունները հայտնվել են փակուղում: Մեկնաբանությունը հայտնվել է պատվաստանյութի տելեգրամյան ալիքում, հաղորդում է Լենտա.ռու-ն:
Գերմանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են: «Սպուտնիկ V» պատվաստանյութը կարող է մատակարարվել Գերմանիային արդեն այս տարվա հունիսին եւ ոչ «ի վնաս մյուս երկրներում մատակարարումների»:
«Bild պարբերականում հրապարակված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում եւ ապատեղեկատվական արշավի օրինակ է, որի նպատակն է թույլ չտալ ռուսական եւ նմանօրինակ պատվաստանյութերին մուտք գործել եվրոպական եւ այլ շուկաներ: Վերջին շրջանում այդ թերթը հրապարակել է ավելի քան 15 նմանատիպ հոդված»,-ասված է հաղորդագրության մեջ: