«Հոկտեմբերի 27-ը բացահայտվելու ա. հոկտեմբերի 27-ը համարյա թե բացահայտված ա. կա առանձին մաս, որը գցել էին արխիվ. դա հետ կգա, ու մարդիկ պատասխաններ կտան դրա համար».ԳԱԳԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Ժամեր առաջ, Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը հայտարարություն էր տարածել, որում ի թիվս մի շարք այլ հարցերի, եւ մասնավորապես ռուսական շրջանակների հետ ունեցած Բաբայանի փոխհարաբերությունների, բարձրաձայնել էր ամենավտանգավորի մասին. այն է, որ Բաբայանի համոզմամբ. «Ալիեւը ցանկանում է մի մաս պոկել նաեւ Հայաստանից»:
Մեջբերում ենք տվյալ հատվածը՝ տարածված հայտարարությունից.
«Վերջերս Ալիևը հայտարարել է իր բանակի և ռազմական բյուջեի չափի ավելացման մասին: Սա նշանակում է, որ նա ցանկանում է մի մաս պոկել նաև Հայաստանից: Հետևաբար, մենք պետք է շտապենք: Ոչ ոք դրսից չի գա` հայ ժողովրդին արտաքին թշնամուց փրկելու համար: Մենք ինքներս պետք է դա անենք: Սա՛ է Հայաստանի գերակա պետական շահը: Իսկ բոլոր նրանք, ովքեր աշխատել են հայերի պառակտման և մեր երկիրը թուլացնելու նպատակին, վերջապես պարտավոր են սթափվել գոնե հիմա, երբ մենք կանգնած ենք գոյութան սպառնալիքի առջև»:
Իսկ թե ի՞նչ կերպ, ի՞նչ ճանապարհով ենք կարողանալու զսպել ալիեւյան ախորժակները, եւ առհասարակ հետ շպրտել թշնամուն ՀՀ-ի սահմաններից դուրս, NEWSMEDIA.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանից, ով հարցը լսելուն պես արձագանքեց.
-Մենք միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի.իսկ ո՞վ է ասել, որ պատերազմից հետո պետք է հանգիստ նստենք մեր տեղը. մենք միշտ պիտի պատրաստ լինենք պատերազմի: Մենք հենց հիմա էլ, այ էդ աշխատանքների մեջ ենք:
-Օրինակ…Հիմա ի՞նչ աշխատանքներով եք զբաղված՝ այս պահի դրությամբ:
-Մենք պարտավոր ենք ազգովի կանգնելու, եւ մեր երկիրը պաշտպանելու: Մեր Բանակն էլ, մեր ռեսուրսն էլ, եւ ամեն ինչն էլ մենք օգտագործում ենք, որպեսզի կարողանանք մեզ բաժին հասած մարտահրավերները հաղթահարենք:
-Պարոն Մելքոնյան, նախկին իշխանության ներկայացուցիչներից շատ-շատերը պնդում են, որ ներկա իշխանությունների օրոք, Հայը դեռ շարունակելու է պարտվել, (այն ինչ տեղի ունեցավ, 44-օրյա դաժան ու խայտառակ պատերազմի ժամանակ), եւ որ Հայաստանը կարող է կանգուն եւ ապահով մնալ՝ միայն եւ միայն իրենց վերադարձով պայմանավորված….Ի՞նչ կասեք սրա հետ կապված:
- Այդ ճանապարհով նախկինները ցանկանում են մեկ բան. բարձրացնել իրենց քաշն ու իմիջը, բայց ասեմ, որ չեն կարողանում, ու չեն կարողանալու: Ժողովուրդը եւս մեկ ապացուցեց, որ մերժում է նրանց:Ժողովուրդը ասեց. «գրողի ծոցը կորեք, ու վերջացրեք…Հիմա մեզ պետք ա միասնություն, ժողովուրդը պետք ա միասնական լինի միշտ:
-Դե եթե ինչ-որ մի շրջանակ «գրողի ծոցն է ուղարկում», էլ ի՞նչ միասնականություն:
-Դե դրա համար էլ, ընդդիմությունը պետք ա թարգ տա. քիչ բզբզա, տեսան, որ ժողովուրդն էլ իրենց մերժեց, չուզեց տեսնել իշխանության մեջ: Էսքանից հետո պիտի հանգստանան գոնե, որ ժողովուրդը իրենց չընտրեց, իրենց ձայն չտվեց, թող հանգստանան:
-Դե փաստորեն չեն հանգստանում, պարոն Մելքոնյան: Ավելին, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը օրերս հայտարարեց, որ ցունամին շարունակվելու է նաև Ազգային ժողովում։ «Կտեսնեք՝ մեր կշիռը ուր է հասնելու», - հայտարարել էր Քոչարյանը, հիշեցնեմ…
-Կապրենք՝կտեսնենք.ժողովուրդը մեկ անգամ եւս ապացուցեց, թե ում կողքն է կանգնած , եւ ում է վստահում: Իսկ Քոչարյանը, որ մտել էր խաղի մեջ. ինքը իրա ֆինանսներով, իրա ռեսուրսներով գիտեր թե հեսա վերցնում ա իշխանությունը, ու վերջ: Նույնիսկ մի անգամ էլ՝ երեւի հիշում եք, որ ասեց. «Ես չեմ եկել մանդատների հետեւից, ես եկել եմ իշխանության հետեւից»: Իրանք իշխանություն են ուզում. թեկուզ արյան գնով, թեկուզ Ղարաբաղի գնով, ամեն ինչի գնով…միայն թե գան իշխանության: Էդ է՝իրանց ուզածը: Բայց չի լինելու, իրանք պետք է հասկանան, որ չի լինելու նման բան , իրենք արդեն «պրծել» են:
-Պարոն Մելքոնյան, իսկ ըստ Ձեզ, ո՞րն էր այնուամենայնիվ Քոչարյանի ձախողման գլխավոր պատճառը…
-Դե նախ իրենք պիտի պատասխանեն, թե ինչ էին արել էս ժողովորդին, որ ժողովուրդը իրենց մերժեց:
Ձախողվեցին, դե որովհետեւ մեր ժողովուրդը մի 20 տարի տեսել է իրենց արածը: 20 տարում նրանք կարող էին այնպիսի բանակ ստեղծել, որն ուղղակի անպարտելի կլիներ՝ ցանկացած տիպի պատերազմի դեպքում էլ:
-Դե հիմա ասում են, որ իշխանության գան՝ «սարեր շուռ կտան»…որ հզոր Բանակ կստեղծեն, տնտեսությունը կոլապսից դուրս կբերեն, նոր ծրագրեր կիրականացնեն, եւ այսպես շարունակ…
-Մենք շնորհակալ ենք. իրենք թող գնան՝ հանգստանան, եւ չխանգարեն այս իշխանություններին: Էս իշխանությունները ամեն ինչ էլ կանեն. աա ժողովրդի իշխանությունն ա , եւ էստեղ մերժվածները անելիք չունեն: Ժողովուրդը սոված էլ մնա, ծարավ էլ մնա, իրա անվտանգության համար ամեն ինչ կանի: Թող իրանք չխանգարեն, քաշվեն մի կողմ, տղամարդավարի ընդունեն իրենց պարտությունը, ու հանգստանան: Եթե կարան օգնեն իշխանություններին ՝թող օգնեն. իշխանությունները ուրախ կլինեն: Եթե չեն կարող՝ ուրեմն թող չխանգարեն:
-Պարոն Մելքոնյան, օրվա իշխանությունները հաճախակի են աչքի ընկնում սկանդալային հայտարարություններով,երբ խոսում են նախկինների մասին: Շատ ենք լսել բոցաշունչ ելույթներ այն մասին, որ նախկինները թալանել, կեղեքել ու քանդել են բանակը, բայց ահա մինչ այս պահը այդպես էլ չտեսանք, որ այդ թալանողներից եւ կեղեքողներից գեթ մեկը կանգներ արդարադատության առաջ: Ինչպե՞ս հասկանալ. ինչո՞ւ ենք հայտնվել այսքան անհեթեթ իրավիճակում. հիմա ի՞նչ է ստացվում նախկիններն անմեղ էին, իշխանությունները նրանց հանիրավի էին մեղադրում, թե՞ նախկինների «սուրը դեռ աջ ու ձախ կտրում է» , եւ չի հաջողվում նրանց այնուամենայնիվ պատասխանատվության ենթարկել:
-Շատ ճիշտ եւ տեղին ակնարկ արեցիք.այո էդ նախկինների արբանյակներից՝ դուք էլ գիտեք, որ շատերը մնացել էին, եւ շարունակում էին ծառայել իրենց: Շատ ճիշտ եք:
-Ի դեպ պարոն Մելքոնյան, այդ նույն արբանյակներից ոմանք էլ բանակը թալանելու գործում, երբեմն-երբեմն էլ սլաքները նաեւ դեպի Ձեզ էին ուղղում՝ ասելով որ 2000-2008թթ էլ երբ դուք Պաշտպանության փոխնախարարն էիք թիկունքի գծով , ապա պետք է որ, այդ նույն ալան-թալանի անմիջական մասնակիցը լինեիք նաեւ դուք: Ի՞նչ կասեք սրա վերաբերյալ:
-Էդ ասողները՝ժողովրդի կողմից չընդունված մարդիկ են, ու թող հանգիստ լինեն. ամեն մարդ, ով ինչ վնաս տվել ա մեր երկրին, մեկ առ մեկ պատասխան են տալու:
-Դե մենք այդ մասին լսում ենք դեռ 2018-ից… Բայց հո դուք էլ գիտեք, որ «սայլը չի շարժվում տեղից»: Թե՞ էս անգամ «պողպատն իր գործն անելու է»:
-Հավատացած եղեք, էս անգամ չեն մարսելու.բոլորը հատ-հատ պատասխան են տալու: Եթե պատասխանատվություն չկրեցին, ուրեմն կնշանակի մեր երկիրը առաջընթաց չի ունենա: Ամեն մարդ՝ իր արածի համար պատասխան է տալու: Ու եթե ես էլ՝ ինչ-որ բան սխալ եմ արել, թող ես էլ պատասխան տամ իմ արածի համար:
-Պարոն Մելքոնյան , այդուհանդերձ դուք մի քանի անուն կարո՞ղ եք հնչեցնել , թե կոնկրետ ովքեր էին՝ որ կեղեքեցին, թալանեցին Բանակը տարիներ շարունակ:
-Ես անուններ չեմ կարող տալ. որովհետեւ էդ անունները շատ-շատ են: Եթե մեկի անունը տամ, էն մյուսները կնեղանան, թե ինչու իրենց անուններն էլ չհնչեցրեցի:
-Որպես թալանողի…
-Այո, այո որպես թալանողի: Դրա համար քննությունը կպարզի, եւ բոլորին էլ կդնի իր տեղը:Առհասարակ ով ինչ արել է, ինչ հանցանք գործել է, դրա պատասխանը պիտի տա:
-Ոնց-որ մարտի 1-ի՞…
-Էդ ընդդիմադիրները թող իմանան, որ մարտի 1-ն էլ ա բացվելու, հոկտեմբերի 27-ն էլ հետը:
-Փաստորեն թեժ է լինելու…
-Չեն խուսափելու. հոկտեմբերի 27-ի ոճրագործներն էլ , մարտի 1-ի ոճրագործներն էլ չեն խուսափելու: Պատասխան են տալու:
-Արդյո՞ք երկու գործերն էլ փակուղի չեն մտել պարոն Մելքոնյան, եւ արդյո՞ք այլեւս շանս կա՝ բացահայտելու այդ ոճրագործությունները ընդհանրապես…
-Եթե հիշում եք, վարչապետը հանրահավաքի ժամանակ, իր ելույթներից մեկում ասաց, որ հոկտեմբերի 27-ը բացահայտելու ենք:
Այսինքն հոկտեմբերի 27-ը համարյա թե բացահայտված ա. կա առանձին մաս, որն առանձնացրել գցել էին արխիվ, դա հետ կգա, ու մարդիկ պատասխաններ կտան դրա համար:
-Ինչպես ասում են՝ «այդ երգերը վաղուց ենք լսել»…
-Ուրեմն տեսեք. ինչ հայտարարվել ա, արվելու ա : Հավատացած եղեք, արադարադատությունը վերականգնվելու ա:
-Առհասարակ, համաձայնում ե՞ք, որ այսօրվա իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր դեռ ներքին վախեր ունեն՝ նույն Ռոբերտ Քոչարյանի, կամ ասենք Սերժ Սարգսյանի կլանից…Եթե պիտի մոտ գնան՝ այս կամ այն քրեական գործին:
-Իհարկե կան, կան:Մի մոռացեք, որ 2018-ին երբ ժողովուրդը վերցրեց իշխանությունը, ներքին օղակներում լրիվ իրանք էին . օրինակ նույն դատական համակարգը իրանք էին, ու իրանց էլ ծառայում էին ՝ չիրականացնելով այն արադարադատությունը, որը որ պարտավոր էին ըստ օրենքի իրականացնելու:
-Իսկ հիմա, ի՞նչ է փոխվել հիմա. պատասխանատվության ինստիտուտը վերականգնելու համար:
-Շատ բան է փոխվել, ու դեռ շատ բան է փոխվելու. այս անգամ շատերն են արադարադատության առաջ կանգնելու:
NewsMedia.am
Լուրեր Հայաստանից եւ Աշխարհից