Ով է եղել Շուշիի օպերացիայի ղեկավարը. Ուշագրավ փաստեր
«Շուշիի շտաբում էր մշտապես Սեյրան Մուշեղիչը, Արգիշտի Քյարամյանը եւ Առուստամյանը»,-այս մասին «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ով էր ղեկավարում Շուշիի օպերացիան, օրեր առաջ ասել էր Շուշիի քաղաքապետ ԱՐԾՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ապա ընդգծելով.
-Երբ ԱՀ նախագահը եկավ Շուշի, այդ օրը Սեյրան Մուշեղիչը ասաց, որ Առուստամյանը մենակ չի կարող, որ Գլխավոր շտաբից թող մարդ ուղարկեն: Առուստամյանն ու Մուշեղիչը միշտ իրար հետ են եղել: Բայց Օհանյանը ասում էր, որ ինքը ընդամենը որպես տեղանքին ծանոթ, փորձում է կողքից օգնել Առուստամյանին:
«Իրավունքին» հետաքննության արդյունքում հաջողվել է պարզել, թե ով է Առուստամյանը: Խոսքը Արցախի հանրապետության Զինվորական կոմիսարիատի պետ Սերգեյ Առուստամյանի մասին է:
Եղե՞լ է արդյոք պարոն Առուստամյանը Շուշիի բունկերում եւ եթե այո, ապա ի՞նչ կարգավիճակով հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ անձամբ գնդապետից, ով խուսափեց հարցերին մանրամասն պատասխանելուց, պատճառաբելով, որ զինվորական է, այնուամենայնիվ, սակայն, փաստեց.
-Այսպես ասեմ, ես մասնակցություն ունեցել եմ, միանշանակ, հասկանալի է: Ղեկավարության մեջ եղել եմ, բայց նորից եմ ասում պետք չի դրա մասին խոսել այն էլ հեռախոսով:
Ըստ էության, շարունակում է մնալ ամենակարեւոր հարցը բաց, թե ո՞վ է եղել Շուշիի օպերացիայի ղեկավարը: Վերոնշյալ երեք անձնավորությունն էլ, փաստացի չեն հերքել, որ եղել են Շուշիում, ավելին` վերոնշյալ բունկերում, բայց թե ով է եղել երեքից օպերացիայի ղեկավարը որեւէ մեկը չի բարձրաձանում: