Սեպտեմբերի 30 ին, երբ վերջին անգամ ծածանեց հայկական դրոշը բարձունքում, ցավոք, ստացավ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ. Մերօրյա հերոս Էյներ Տատինցյանի սխրանքի ուղղին
«Իրավունք» թերթը շարունակում է «ՀԵՐՈՍԸ ՄԵՐ ԲԱԿԻՑ» խորագրով շարքը, որտեղ ներկայացնում ենք մերօրյա կենդանի եւ անմահացած ՀԵՐՈՍՆԵՐԻՆ` նրանց կիսատ թողած երազանքները, սխրանքի ուղղին եւ վերջին զրույցը: Այսօրվա մեր հերոսը սյունեցի քաջորդի ԷՅՆԵՐ ԱՐԹՈՒՐԻ ՏԱՏԻՆՑՅԱՆԸ:
Անմահ ՀԵՐՈՍ Էյներ Տատինցյանը ծնվել է 2001թ. հունվարի 31- ին, Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։ Գորիսի Սերո Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցում կրթություն ստանալուց հետո ուսումը շարունակել է տեղի թիվ 4 ավագ դպրոցում։ Դասընկերների խոսքով՝ Էյները դասարանի ուրախությունն էր։ Բարի, համեստ, խելացի, խիզախ, կյանքով լեցուն պատանի էր, սիրում էր ընտանիքը, հայրենիքը, ընկերներին։ Նրա համար չկար առավել բարձր եւ սրբազան պարտականություն, քան հայրենիքի պաշտպանությանը ծառայելը։
2019 թվականին,հուլիսի 12 ին Էյները զորակոչվել է հայոց բանակ։ Նա ծառայել է Ջրականում։ Ծառայությունը անց է կացրել անտրտունջ՝աչքի ընկելով ու ստացել կրտսեր սերժանտի կոչում։ Ցավոք վիճակված էր մասնակցելու Արցախյան նորօրյա պատերազմին, որը սկսվեց 2020 թ. սեպտեմբերի 27-ին։
Հերոսի հայրիկը պատմում է.
-Պատերազմի հենց առաջին օրից որդիս մասնակցել է Ջրականում (Ջաբրայիլ) տեղի ունեցող մարտական թեժ գործողություններին։ Ճակատամարտերից մեկում սեպտեմբերի 30 ին, կեսօրից հետո, երբ վերջին անգամ ծածանեց հայկական դրոշը բարձունքում, ցավոք ստացավ կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ և կտրվեց Էյների կյանքի թելը՝ դառնալով հավերժի ճամփորդ: Որդիս զոհվեց՝ հայրենիքին նվիրելով իր կյանքը՝ անկատար թողնելով իր երազանքները։ Սեպտեմբերի 29-ին նա վերջին զանգն է կատարել տուն՝ ասել, որ չվախենան ամեն բան լավ է լինելու…
Եվ միայն 122 օր անց՝ իր ծննդյան օրը, երբ պետք է լրանար ՀԵՐՈՍԻ 20 տարին , ծնողները կարողացան գտնել անմահացած հերոսի աճյունը։
Հերոսի լուսանկարները «Իրավունքին» տրամադրել է հերոսի հայրիկը՝ Արթուր Տատինցյանը: