Ցավոք, անկախությունը վտանգված է, եւ այդ վտանգն առկա է լինելու դեռ երկար ժամանակ. Պարգեւ սրբազան
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ` այս օրերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթանում է համաժողով «Միջազգային կրոնական ազատություն եւ խաղաղություն» խորագրով, որին մասնակցում են մի շարք երկրների կրոնական կառույցների եւ քույր եկեղեցիների բարձրաստիճան ներկայացուցիչներ ու հոգեւորականներ, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը:
Համաժողովի ընթացքում քննարկվող թեմաներն են հակամարտության գոտիներում դեպի պաշտամունքի վայրեր մուտքի հնարավորությունը, կրոնական եւ էթնիկ փոքրամասնությունների պաշտպանությունը, հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանումը: Անդրադառնալով վերոնշյալին` «Իրավունքի» հետ զրույցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հատուկ հանձնարարություններով նվիրակ, Արցախի թեմի նախկին առաջնորդ Գերաշնորհ Տ. ՊԱՐԳԵՎ արքեպիսկոպոս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ առանձնահատուկ կարեւորեց այսպիսի լայնամասշտաբ միջազգային համաժողովի իրականացումը:
– Ցավոք, մշակութային ցեղասպանությունը շարունակվում է: Ինչպես Արեւմտյան Հայաստանում Թուրքիան բազմաթիվ վանքեր, եկեղեցիներ քանդեց, նույնը Ադրբեջանն է անում տասնյակ տարիների ընթացքում: Չմոռանանք, որ քանդեցին Նախիջեւանի 5 հազար խաչքարերը եւ այսօր էլ այն, ինչ իրենց հսկողության տակ է, բարբարոսաբար քանդում են ու փորձում հայկական հետքը ջնջել: Կարծում եմ` սա շատ կարեւոր գիտաժողով է, որպեսզի համաշխարհային հանրությունը ձայն բարձրացնի, եւ կասեցվի այս ցեղասպան, բարբարոս ձեռագիրը: Սա ամբողջ աշխարհի խնդիրն է, եւ հենց այդ միտումով էլ կազմակերպվել է այս մեծ եւ լայնամասշտաբ միջազգային գիտաժողովը:
– Սրբազան հայր, պատերազմի ընթացքում եւս ահազանգեր հնչեցվեցին նույն միջազգային հանրությանը, բայց լռեց...
– Չէի ասի, թե լռեց: Ձայն բարձրացրեց, բայց այն, ցավոք, բավական չէր եւ զորեղ չէր: Ավելի պետք է հնչեցնենք մեր ձայնը, որ նպատակի հասնենք` ոչ միայն մեզ` հայերիս, համար, այլ ամբողջ աշխարհի, որպեսզի ուրիշների հանդեպ էլ այդ բարբարոսությունը չկատարվի:
«ԵԹԵ ՃԱՆԱՊԱՐՀ ԵՍ ՏԱԼԻՍ ՄԵԿ ՈՒՐԻՇԻՆ, ԴՈՒ ԷԼ ԴՐԱ ԴԻՄԱՑ ՇԱՀ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՍ»
– Այս ամենից զատ կա նաեւ մեկ այլ զուգահեռ իրականություն, որտեղ հայաստանյան իշխանություններն ակտիվորեն խոսում են ճանապարհների բացման, սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի շուտափույթ իրականացման մասին: Ինչպե՞ս եք վերաբերվում այս փաստին:
– Եթե դու ճանապարհ ես տալիս մեկ ուրիշին, դու էլ դրա դիմաց շահ պետք է ունենաս, այսինքն` փոխադարձաբար շահ պետք է լինի եւ պետք է կարողանաս անվտանգությունն ապահովել: Ամեն ինչ պետք է ճշգրիտ հաշվարկված լինի:
– Իսկ հնարավոր համարո՞ւմ եք համատեղ կյանքը Ադրբեջանի հետ` բաց սահմաններով:
– Մոտակա ապագայում չեմ կարծում: Վերքերն այնքան շատ են եւ խորը, որ բավական դժվար է: Դրա համար երկար ժամանակ է պետք: Ճիշտ է, հավերժ պատերազմ չի լինում, ուշ, թե շուտ խաղաղություն պետք է լինի, որովհետեւ կողք կողքի ենք ապրում, բայց էլի եմ ասում` դրա համար ժամանակ է պետք:
– Ի դեպ, Թուրքիան ճանապարհների բացման հարցում կրկին նախապայմաններ է առաջ քաշում, թե Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում:
– Թուրքիայի ախորժակի մասին ամեն մի հայ գիտի, կարծում եմ` ավելորդ է դրա մասին խոսել: Իրենք իրենց շահն են հետապնդում, մենք էլ մեր շահը պետք է հետապնդենք: Թուրքիան ճանապարհների բացմանը պետք է գնա` առանց որեւէ նախապայմանի, ինչպես մենք ենք պատրաստ դրան, բայց նախապայման չենք դնում: