Սիլիկյան թաղամասում բացվեց Հերոս Գարիկ Ավետիսյանի անվան հուշաղբյուրը
Հոկտեմբերի 17-ին, Սիլիկյան Թաղամասի 4-րդ փողոցը մարդաշատ էր: Տարեցներ, երիտասարդներ, Հերոսածին Մայրեր, ծանոթ-անծանոթ մարդիկ հավաքվել էին Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասու 4-րդ փողոցի 1-ին նրբանցքի 8 Ա տան բակում:
Այս անգամ էլ, վերը նշված հասցեում բացվեց արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված հերոս, 19-ամյա Գարիկ Ավետիսյանի անվան հուշաղբյուր։ Մինչ հուշաղբյուրը կօծվեր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովվի կողմից, պատին նկարված 19-ամյա Հերոսի նկարի սպիտակ սավանը, իջեցրեցին Գարիկի սիրելի քույրերը։
Իսկ Հուշաղբյուրի բացման արարողությանը մասնակցելու էին եկել Հերոսի հարազատները, ընկերները, հարևանները, արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված ու լեգենդ դարձած Հերոսների մայրերը, ներկայացուցիչներ՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից, եւ այլոք: Ներկաները, հուշաղբյուրի օծման արարողությունից հետո այցելեցին Հերոսին՝ խնկարկելու եւ ծաղիկներ խոնարհելու նրա շիրիմին:
Գարիկ Արմենակի Ավետիսյանը ծնվել է 2001 թվականի ապրիլի 2-ին, Երևանում։ Սովորել է թիվ 108 դպրոցում։ Ավարտելով 9-ամյա կրթությունը՝ ուսումը շարունակել է Ֆրանս-հայկական քոլեջում՝ ընտրելով խոհարարի մասնագիտությունը։ Դեռ պատանի տարիքում, Գարիկն արդեն իսկ աչքի էր ընկնում իր խոհարարական հմտություններով՝ զարմացնելով քոլեջի աշխատակիցներին։
2019 թվականի հուլիսի 1-ին, մեր Հերոսը զորակոչվում է բանակ՝ ծառայելով Արցախի Հանրապետությունում։ Չարաբաստիկ 44-օրյա պատերազմի թեժ օրերին, մարտական առաջադրանքները կատարելու նպատակով իր հրամանատարների ու զինակից ընկերների հետ միասին Գարիկը տեղափոխվում է Մատաղիս, եւ գաղտնի առաջադրանք կատարելու ժամանակ էլ՝ լինելով իր հրամանատարների կողքին, անմահանում է ռազմի դաշտում:
Հավերժ Փառք ու Խոնարհում, Սիրելի Հերոս: Քեզ Բացակա Չենք դնի:
NewsMedia.am
Լուրեր Աշխարհից եւ Հայաստանից