Վ.Միլոնովը լիակատար աջակցություն է հայտնել Հայաստանի՝ Միութենական պետություն մտնելու գաղափարին

Այսօր «Հզոր Հայաստան Ռուսաստանի հետ» գործկոմի անդամ, «ՍԻՄ» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը տեսակապով զրուցել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի հետ։
Հ.Բաբուխանյանի նախաձեռնությամբ կայացած զրույցի ընթացքում նա շնորհակալություն է հայտնել Վիտալի Վալենտինովիչին՝ հայ ժողովրդին աջակցելու և եվրասիական քաղաքակրթության արժեհամակարգի պահպանման գործում ունեցած մեծ ավանդի համար։ Հ.Բաբուխանյանը ներկայացրել է «Հզոր Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործունեությունը, նպատակներն ու խնդիրները և պատրաստակամություն հայտնել սերտորեն համագործակցել Ռուսաստանի այն քաղաքական և հասարակական ուժերի հետ, որոնք պաշտպանում են Հայաստանի Միութենական պետությանը միանալու գաղափարը։
Հ.Բաբուխանյանը աջակցություն է հայտնել դեպի Արևելք ՆԱՏՕ-ն չընդլայնելու հարցում Ռուսաստանի պահանջներին՝ առանձնակի մտահոգություն հայտնելով Հարավային Կովկասի տարածաշրջան ՆԱՏՕ-ի ներթափանցման հնարավորության, մասնավորապես Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության և Ադրբեջանում Թուրքիայի ռազմական ներկայության ընդլայնման վերաբերյալ։
Իր հերթին Վ.Միլոնովը լիակատար աջակցություն է հայտնել Հայաստանի՝ Միութենական պետությանը անդամագրվելու գաղափարին, նշել, որ Ռուսաստանում այդ գաղափարը կգտնի ըմբռնում և աջակցություն, քանի որ այն հիմնված է մեր ժողովուրդների բարեկամության անխախտելիության վրա։ Նա նաև մտահոգություն է հայտնել տարածաշրջանում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի գործողությունների վերաբերյալ։
Զրույցի վերջում Ա.Բաբուխանյանը Վ.Միլոնովին հրավիրեց հանդիպելու Շարժման ակտիվի հետ։
«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման մամուլի ծառայություն
