Երբ այսօր փողոցում կանգնածների 95 տոկոսը հրճվում էին Նիկոլի հեղաշրջումով, մենք դիմադրում էինք. Բաբուխանյան
Ներքաղաքական վերջին զարգացումների մասին «Իրավունք TV»–ի տաղավարում զրուցել ենք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ հետ:
– Արդեն երկու ամիս է, ինչ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Դիմադրություն» շարժումը քայլերթեր ու հանրահավաքներ է իրականացնում: Սակայն այս պայքարն այդպես էլ պտուղ չի տալիս, ինչո՞ւ:
– Ասեմ, որ ՍԻՄ կուսակցությունը կռիվ է տվել Նիկոլի դեմ, որպեսզի նախ` չզավթի իշխանությունը, իսկ զավթելուց հետո` ամեն օր ենք պայքարել մեր բոլոր հնարավորություններով: Ու այն ժամանակ, երբ այսօր փողոցում կանգնած մարդկանց 95 տոկոսը հրճվում էին Նիկոլի հեղաշրջումով, մենք դիմադրում էինք: Մի բան է, որ շարքային քաղաքացին չի խորանում կամ չունի համապատասխան գիտելիքներ ու տեղեկատվություն կատարվող գործողությունների մասին, բայց բոլորովին այլ է, երբ քաղաքական ուժն է մտնում այդ հոսանքի մեջ: Լավ է, որ երկու ամիս է, ինչ բողոքում են Նիկոլի դեմ, բայց բողոքելուց առաջ բոլոր քաղաքական ուժերը, ովքեր հրապարակում կանգնած են, հիմնականում` ՀՅԴ-ն եւ Ռոբերտ Քոչարյանը, պետք է նախ բացատրեն իրենց վարքագիծը 2018 թ.-ին: Ինչո՞վ էր պայմանավորված, որ ՀՅԴ-ն, որը երկար ժամանակ ՀՀԿ-ի հետ իշխանական կոալիցիայի մաս էր, հանկարծ կտրուկ խզեց դաշինքը ՀՀԿ-ի հետ եւ աջակցեց Նիկոլի իշխանազավթմանը: Շուրջ 6 ամիս ՀՅԴ-ն իշխանական կոալիցիայի մեջ էր Նիկոլի հետ: Հիմա քաղաքացիներն իրավունք ունեն հարց տալ` ի՞նչն էր դրա պատճառը: Մենք գիտենք, որ Նիկոլին իշխանության բերեցին արեւմտյան հատուկ կառույցները, հետեւաբար արդյոք ՀՅԴ-ն նույնպես ինչ-որ ճնշումների տակ էր այդ նույն ուժերի կողմից, թե՞ սա սխալ հաշվարկ էր, կամ` էմոցիոնալ որոշում: Իսկ գուցե ձգտում էին դո՞ւր գալ ժողովրդին` պոպուլիզմի դաշտում գործելով: ՀՅԴ-ն շատ լուրջ կուսակցություն է, եւ չեմ կարծում, որ զուտ անփորձության հետեւանք էր այդ հոսանքի մեջ մտնելը, Նիկոլին աջակցելը: Կես տարին քիչ ժամանակ չէր, որ նրանք դաշինքի մեջ էին Նիկոլի հետ: Մարդիկ, բնականաբար, այս ամենը հիշում են, եւ շատերը, ովքեր չեն միանում այդ հանրահավաքներին ու երթերին, չեն գնում ՀՅԴ-ի հետեւից, հենց այս հարցերն են բարձրացնում: