ԱՄՆ պետքարտուղարության խոսնակն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության խնդրին
Վաշինգտոնը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա կենտրոնացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը թուլացնելու անհրաժեշտության վրա:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Վաշինգտոնը հետևո՞ւմ է միջանցքի հետ կապված իրավիճակին։
«Մենք հետևողականորեն կենտրոնացած ենք լարվածությունը թուլացնելու անհրաժեշտության վրա, երկու երկրներին՝ Հայաստանին և Ադրբեջանին, տևական, համապարփակ կարգավորման ուղու վրա դնելու անհրաժեշտության վրա:
Մենք արտաքին գործերի նախարարի մակարդակով կազմակերպեցինք հանդիպում այստեղ՝ Վաշինգտոնում: Դա արեցինք նաև Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Բացի այդ՝ Ֆիլիպ Ռիքերը՝ մեր ավագ խորհրդականը, ակտիվորեն ներգրավված է երկու երկրների պաշտոնյաների հետ երկխոսության մեջ՝ համոզվելու, որ մենք անում ենք այն ամենը, ինչ կարող ենք, և ամենակարևորը, որ այս երկու երկրներն ամեն ինչ անում են, որպեսզի այդ լարվածությունը նվազի»,- ասել է Փրայսը: