Հնագետները Փարիզի Աստվածամոր տաճարում հայտնաբերել են կապարե սարկոֆագներով երկու տղամարդու մարմին

Երեք տարի առաջ Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի հաջորդ օրը, վնասվածքները զննելու համար, աշխատանքներին նաեւ հնագատներ էին ներգրավվել։ 2022թ. սկզբին տաճարի զննումների ժամանակ հետազոտողները հայտնաբերել են երկու արտասովոր կապարե սարկոֆագ։
Սարկոֆագներում երկու տղամարդու մնացորդներ էին։ Առաջինին պարզել են սարկոֆագի վրա եղած ցուցանակով՝ 83-ամյա Անտուան դը լա Պորտ, որը մահացել է 1710թ. դեկտեմբերի 24-ին։ Դը լա Պորտը հոգեւորականության անդամ է եղել, որը պատասխանատու է եղել տաճարի համար։ Նրա մնացորդները լավ են պահպանվել. գիտնականներին հաջողվել է ուսումնասիրել նրա ոսկորները, գլխի եւ մորուքի մազերը, ինչպես նաեւ նրա հագուստի մասերը։ Սարկոֆագում նրա հետ դրված էր երեք մեդալ։ Հոգեւորականի ատամները հիանալի վիճակում էին, իսկ մարմնի վրա ֆիզիկական ակտիվության նշաններ չեն հայտնաբերվել, այսինքն՝ նա ծայրահեղ քիչ է շարժվել։ Նրա ոտքի մատին հայտնաբերվել են հոդատապի նշաններ՝ հոդերի բորբոքում, որը հաճախ անվանում են «արքաների հիվանդություն», քանի որ ալկոհոլը եւ յուղոտ սնունդը հաճախ նպաստել են դրա առաջացմանը։
Երկրորդ տղամարդու մնացորդները ցույց են տալիս, որ նա երիտասարդ է եղել եւ ծանր կյանք է ունեցել։ Նրա սարկոֆագի վրա անունը նշող ցուցանակ չկար։ Տղամարդը մահվան պահին 25-40 տարեկան է եղել։ Նա պատանի տարիքից զբաղվել է ձիավարությամբ։ Կյանքի վերջին տարիներին կորցրել է ատամների մեծ մասը։ Գիտնականները ենթադրել են, որ տղամարդու մահվան պատճառը կարող էր եղած լինել քրոնիկական մենինգիտը տուբերկուլյոզի պատճառով։
Չնայած այս մարդու մազերը չեն պահպանվել, բայց հետազոտողները հայտնաբերել են տերեւներ եւ ծաղիկներ նրա գանգի կողքին եւ որովայնի վրա։ Տղամարդու գանգը սղոցված է եղել, իսկ կուրծքը՝ բաց անուշահոտ յուղերով օծման համար։ Ինչպես նշել են գտածոյի հեղինակները, դա սովորական բան էր այն ժամանակների ազնվականության համար։ Այժմ գիտնականները լրացուցիչ հետազոտություններ են կատարում, որոնք, հավանաբար, թույլ կտան պարզել տղամարդու ով լինելը։