ՊԵԿ–ը հրապարակել է 2024թ.-ի խոշոր հարկատուների ցանկը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024թ.-ի 1000 խոշոր հարկատուների ցանկը:
2024թ․-ի ընթացքում կոմբինատը վճարել է շուրջ 102 միլիարդ դրամ հարկ։ 2023թ.-ի համեմատ ԶՊՄԿ-ն ավելի քան 31 միլիարդ դրամով ավելի հարկ է վճարել:
Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը, 2024 թվականի տվյալներով, գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024 թվականի ամենախոշոր հարկատուների ցանկը։
Նախորդ տարվա ընթացքում ԶՊՄԿ-ն վճարել է 101 մլրդ 967 մլն դրամ հարկ։ Երկրորդ տեղում «Մոբայլ սենթրն» է (66 մլրդ 739 մլն դրամ), երրորդ տեղում`«Գրանդ տոբակոն» (63 մլրդ 55 մլն դրամ)։ Տասնյակի 4-րդ հորիզոնականում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, որը մեկ տարում ավելի քան 46 մլրդ 860 մլն հարկ է վճարել, 5-րդ հորիզոնականում` «Փրիթի ուեյը» (Վեստա)՝ 36 մլրդ 293 մլն դրամով։
Առաջին տասնյակում է նաև վառելիքի շուկայի խոշոր ընկերություններից մեկը՝ «Սի փի էս էներջի գրուպ»–ը, որին հաջորդում են, «Ամերիաբանկը», «Վայլդբերիզը», «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունը։
Տասնյակը եզրափակում է «ՋԵՅ ԹԻ ԱՅ Արմենիան», որը «Japan Tobacco Inc.»-ի միջազգային ստորաբաժանումն է (գլխամասային գրասենյակը գտնվում է Տոկիոյում)։ Այն աշխարհի ամենախոշոր ծխախոտային ընկերություններից մեկն է։
Նշենք, որ 1000 խոշոր հարկատուների ցանկի առաջին 10 ընկերությունները միասին վճարել են ավելի քան 406 մլրդ 670 մլն դրամ։