Փարիզը կարող էր հնարավոր ամեն ինչ անել, Ռումինիայում այսպես ասած «թրամպիստ» թեկնածուի հաղթանակ թույլ չտալու համար․ Հակոբ Բադալյան

«Ի դեպ, Տելեգրամի սեփականատեր Դուրովը գրառում է արել, որ արևմտաեվրոպական երկրներից մեկի իշխանությունը պահանջել է իրենից արգելափակել Ռումինիայի պահպանողականների ալիքները՝ նախագահի ընտրության երկրորդ փուլից առաջ:
Դուրովը հայտարարել է, թե չի ընդառաջել այդ պահանջին:
Նա ակնարկել է, թե որ երկրից եկած պահանջի մասին է խոսքը: Դուրովը անուն չի տվել, բայց դրել է «բագետ» հացի նշան, ինչը անկասկած Ֆրանսիայի ակնարկ է:
Հիշեցնեմ, ի դեպ, որ ամիսներ առաջ Դուրովին ձերբակալեցին Ֆրանսիայում, Փարիզ ժամանելուն պես: Թե ինչո՞ւ էր նա որոշել Բաքվից ժամանել Փարիզ, երբ անկասկած տեղյակ էր իր դեմ հարուցված գործի մասին, կարող ենք միայն ենթադրություններ անել:
Ըստ ֆրանսիական մամուլում այդ ժամանակ տարածված տեղեկություններին, նրան ընթրիքի շուրջ զրույցի էր հրավիրել Ֆրանսիայի նախագահ Մակրոնը:
Դուրովին իհարկե ազատեցին, բայց մի քանի ամիս արգելեցին լքել Ֆրանսիան: Վերջերս նա ստացավ Դուբայ վերադառնալու իրավունք:
Իհարկե սա Դուրովի և Ֆրանսիայի հարաբերությունների հարցն է, և այն հիշեցրի ընդամենը Ռումինիայի վերաբերյալ պահանջի ֆոնին:
Բայց, Ֆրանսիայի հետաքրքրությունը Ռումինիայի հարցում լիովին հասկանալի է:
Ռումինիայում «գաղղափարակից» նախագահ չունենալու պարագայում Ֆրանսիան դե ֆակտո չի ունենա քաղաքական ազդեցություն Սևծովյան ավազանում: Իսկ դա ոչ միայն գործոն է Եվրոպայի անվտանգության համակարգի տեսանկյունից, այլ նաև դեպի Կովկասն ճանապարհի: Իհարկե դեռ կա Վրաստանի հարցը, որտեղ Ֆրանսիայի ուլտրալիբերալ նախագահը ևս չունի գաղափարակից գործընկեր իշխանություն:
Բայց, ֆունդամենտալ հարցը Ռումինիան է: Ըստ այդմ զարմանալի չէ, որ Փարիզը կարող էր հնարավոր ամեն ինչ անել, Ռումինիայում այսպես ասած «թրամպիստ» թեկնածուի հաղթանակ թույլ չտալու համար:
Ինչ կստացվի, տեսնենք, որովհետև թերևս ժամեր անց պարզ կլինեն ընտրության առաջին արդյունքներն ու նախնական պատկերը:
Իհարկե հարցը այստեղ միայն Ֆրանսիան չէ: Ֆրանսիան իհարկե այդ հարցում ունի իր ուրույն ռազմավարությունն ու հետաքրքրությունները, սակայն խոշոր հաշվով խնդիրը ԵՄ ներկայիս ղեկավարության, կամ գերակա ուժի՝ ուլտրալիբերալ-գլոբալիստական թևի դիրքերն են, քանի որ Ռումինիայում աջ-պահպանողական նախագահի հաղթանակը ևս մեկ նշանակալի քայլ կլինի Եվրոպայում այդ թևի ամրապնդման գործում»: