Կկարողանա՞ պետությունը սպասարկել անպտղությամբ տառապող բոլոր շահառուներին. վարչապետի դիտարկումները
Այսօր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառաարության քննարկմանը ներկայացրեց «ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 27-ի N 568-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» նախագիծը, որով ակնկալվում է բարելավել անպտղությամբ տառապող զույգերի իրավունքների իրացումը՝ սահմանելով մի շարք մեխանիզմներ:
ՀՀ վարչապետը հետաքրքրվեց, թե կկարողանա՞ պետությունը սպասարկել բոլոր շահառուներին, ինչին ի պատասխան նախարար Թորոսյանը նշեց. «Նույն տարվա մեջ՝ ոչ, բայց մենք կարողանալու ենք տարեկան առնվազն 85 զույգի սպասարկել»:
Վարչապետն ասաց, որ դա նշանակում է՝ պոտնեցիալ շահառուների շատ չնչին մասին սպասարկել. «Էլի մարդիկ հերթագրվելու են. ի՞նչ սկզբունքով են հերթագրվելու, ինչպե՞ս է որոշվելու՝ ով է առաջինը, ով՝ 15-րդը: Ո՞նց են մարդիկ հայտնվելու այդ ցուցակներում. էլի ծանոթով, բարեկամով, միջնորդով և այլն: Օրինակ՝ 700 զույգից ոնց ա որոշվելու՝ որ 80 զույգն է այս տարի սպասարկվելու: Դա արվելու է ԽԾԲ սկզբունքով և դա պրոբլեմ ա առաջացնում: Դուք չունեք փորձագիտական գնահատական, թե այդ կրիտերիայով Հայաստանում քանի մարդ կա: Ենթադրենք՝ 4 հազարը այդ շահառուների խմբի մեջ է, ամեն տարի 80-ը ընտրվելու են ծանոթով, բարեկամով. այդ 80-ը ընտրվելու է կոռուպցիայով, ուրիշ տարբերակ չկա»,-հայտարարեց վարչապետը:
Վարչապետի դիտարկմանն ի պատասխան՝ առողջապահության նախարարը նշեց. «Չի կարելի ասել, որ եթե մենք հիմա ապահովում ենք 85-ի համար, ապա մնացածին խաբում ենք: Էդքանին ենք կարողանում ապահովել, կարող ենք ընդհանրապես չանել»:
Վարչապետը, սակայն, այս հարցը հանեց օրակարգից. «Էս հարցերը կքննարկեք, կբերեք, կլուծենք»,-նշեց նա՝ պարզաբանելով, որ քննարկման համար հստակ փաստեր են պետք: