Մեր երկրի սահմանների հսկողությունն այսօր ամուր է և հուսալի, այդպես է լինելու նաև վաղը. Արթուր Վանեցյան
Մեր հայրենիքի սահմանները սրբազան են և այս սահմանների պաշտպանությունը ՀՀ և նրա բոլոր քաղաքացիների պարտականությունն է, իսկ այդ կարևոր առաքելության առաջին գծում սահմանապահ զորքն է: Այսօր՝ ապրիլի 26-ին Հայաստանում Սահմանապահ զորքերի օրվա առիթով իր ելույթում հայտարարեց Ազգային անվտանգության տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Մեր երկրի սահմանների հսկողությունն այսօր ամուր է և հուսալի, այդպես է լինելու նաև վաղը: Չկա և չի կարող լինել կայացած պետություն առանց ապահով սահմանների: Կառավարությունը և ժողովուրդը մեզ վստահել են մի սահմանագիծ, որից սկսում է մեր անվտանգությունն ու ապահովությունը»,- նշեց նա:
Մասնագիտական տոնի օրը ԱԱԾ տնօրենը նաև երախտագիտության խոսք ասաց բոլոր նրանց, ովքեր սերտորեն համագործակցում են սահմանապահների հետ. «Խոսքս վերաբերում է ՌԴ մեր գործընկերներին, ՀՀ զինված ուժերին, Ոստիկանության ներքին զորքերին, ինչպես նաև այն պետական կառույցներին, որոնց հետ արդյունավետ կերպով համագործակցում են մեր սահմանապահները»,- ասաց Արթուր Վանեցյանը:
Սահմանապահ զորքերի տոնի առթիվ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի վարչություն են այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: