«Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունն ավարտված չէ.եւ եթե Ադրբեջանի թիկունքին կանգնած են Թուրքիան ու վարձկան ահաբեկիչները, ապա մեզ հետ է ԱՍՏՎԱԾ»
Լինենք միասնական՝ մեր բանակի կողքին
… Հայ և ասորի ազգերը եղել են միասին պատմական երթում, և մեզ համար բոլոր ծանր ժամանակներում: Հայն ու ասորին ուս ուսի ազգային–ազատագրական մարտեր են մղել Օսմանյան կայսրության դեմ, միասին ապրել են ցեղասպանության ցավը…Նրանք մեր կողքին են եղել նաև Արցախյան պատերազմի ժամանակ: Իսկ 2016-ի Ապրիլյան պատերազմի դժնդակ օրերին, հայ զինվորների հետ մարտնչում էին նաև ասորիները:
Սեպտեմբերի 27-ից Հայաստանն ու Արցախը դարձյալ դիմադրում են լայնածավալ պատերազմի: Թուրքիան բացահայտ աջակցելով Ադրբեջանին՝ հովանավորել և տարածաշրջան է բերել վարձկան ահաբեկիչների, որոնք համալրել են ադրբեջանական զինուժը: Այսօր Հայոց բանակը, Արցախի Պաշտպանության բանակը, պայքարում են միջազգային ահաբեկչության դեմ՝ հանուն միջազգային անվտանգության: Եվ սա միայն մեր պայքարը չէ:
Պատերազմի առաջին իսկ վայրկյաններից` Հայաստանի ու Արցախի պաշտպանությանը զինվորագրվեցին ու ռազմի դաշտ մեկնեցին նաև Հայաստանի ազգային համայնքների ներկայացուցիչները: Ասորի զինվորներից ու կամավորներից 4-ն այս ծանր մարտերի ընթացքում գնացին միանալու անմահացած հերոսներին: Իսկ մյուսները շարունակում են պայքարը՝ հանուն մեր Հայրենիքի:
-Սա մեր բոլորի հայրենական պատերազմն է,-ասում են նրանք: Այս խոսքերն արդեն դարձել են գաղափար, որի շուրջ համախմբվել են բոլորը:
Եվ դրան արձագանքում են նաև աշխարհի տարբեր երկրներում ապրող ասորիները, ովքեր ամենուր մասնակցում են աշխարհասփյուռ հայության կազմակերպած հզոր ցույցերին՝ բարձրացնելով Արցախի անկախության միջազգային ճանաչման հարցը: Նրանք խոր ընդվզումով արձագանքեցին նաև հոկտեմբերի 8-ին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ռմբակոծությանը: Լիենելով քրիստոնյա ազգ՝ նրանք դա ընկալեցին որպես սեփական ցավ, նաև իրենց հոգևոր սրբությունների դեմ ուղղված ոտնձգություն: Պատահական չէ, որ թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած այս պատերազմին ու Ս. Ամենափրկիչ եկեղեցու ռմբակոծությանն առաջիններից մեկը արձագանքեցին ԱՄՆ-ում Արեւելքի Ասորական Եկեղեցու երեք եպիսկոպոսները՝ իրենց զորակցական նամակով:
Ասորական համայքն այս ընթացքում մեծ նվիրումով գործում է նաև թիկունքում՝ աջակցելով զինվորներին;
…Վերին Դվինի բնակչության 80 %-ն ասորիներ են: Վերջին օրերին երեխաները որոշել էին միրգ վաճառելով օգտակար լինել հայկական բանակին: Վաճառքից գոյացած ամբողջ հասույթը, փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ ասորի երեխաների անունից: Նրանք վաղ առավոտից աշխատում են տքնաջան:
Յուրաքանչյուրը ջանում է հնարավորինս շատ միրգ վաճառել: Որոշել են հերթափոխով աշխատել, որպեսզի չհոգնեն և երկար մնան:Այսպես են պայքարում փոքրիկ զինվորները: Սա է մեր բոլորի միասնական ուժը:
Ասորական համայնքի հոգևոր հովիվ, Տեր Նիկադիմ Յուխանաևը մեր գնդերեցներին հավասար կանգնած է զորականի կողքին:
-Ես իմ զինվորական ծառայությունն անցել եմ Արցախում: Եվ պատրաստ եմ նաև զենք վերցնել և լինել իմ հոգևոր հայ եղբայրների ու մեր զինվորների կողքին,-ասում է նա:
NEWSMEDIA.am-ը ներկայացնում է Տեր Նիկադիմ Յուխանաևի հետ տեղի ունեցած զրույցի մանրամասները:
-Տեր Հայր, պատմությունից հայտնի են դրվագներ, որ ասորի հոգևորականները Հայոց ցեղասպանության տարիներին, իրենց եկեղեցիներում պատսպարել են բազմաթիվ հայերի՝ իբրև սկզբունք որդեգրելով հետևյալ գաղափարը. մենք աղոթում ենք միևնույն Աստծուն, ուրեմն. կամ փրկվում ենք բոլորս, կամ՝ զոհվում ենք միասին: Այսօր պատերազմ է Հայոց աշխարհում: Եվ մինչ մեր գնդերեցներից շատերը ռազմաճակատում կանգնած են զինվորների կողքին, ասորական համայնքը՝ Ձեր գլխավորությամբ ահռելի աշխատանք է կատարում՝ աջակցելու մեր բանակին: Ասորաբնակ գյուղերի երեխաները նույնպես լծվել են այդ տքնաջան գործին՝ լինելու զինվորի կողքին…
-Ասորական համայնքը, Հայաստանի՝ մեր հայրենիքի կողքին է. թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես, որպեսզի մենք էլ մեր հերթին, կարողանանք նպաստել հայոց բանակի հզորացմանը: Միասնությունն այսօրվա հրամայականն է:
Պատերազմի սկսվելուն պես, ասորիները ևս շտապեցին մեկնել մարտի դաշտ՝ պաշտպանելու մեր երկրի սահմանները: Այսօր մենք ռազմաճակատում ունենք շուրջ 80 ասորի զինծառայող, որոնք կռվում են առաջին գծում: Ունենք 4 զոհ՝ Նարեկ Դավթյան, Թորգոմ Սայադյան, Ռուդիկ Սարխոշև, Վիտալի Յակուբով: Մինչ օրս էլ զինվորագրվում են ասորիները, և սպասում են ռազմաճակատ գնալու իրենց հերթին:
Եթե հաշվի առնենք հայերի և ասորիների ամուսնություններից ձևավորված ընտանիքներին, նրանց զավակներին ևս, ապա ռազմաճակատում գտնվող մեր զինվորականների թիվն ավելի մեծ է. անցնում է 100-ից:
Այս օրերի ընթացքում մենք կարողացել ենք հավաքել մեծաքանակ դեղորայք, հագուստներ, ծածկոցներ, որոնք 6 բեռնատար մեքենաներով հասցվել է զինվորներին, և Արցախում մնացած մեր քույրերին ու եղբայրներին: Հայաստանի կողքին են նաև արտերկրում ապրող ասորիները, ովքեր հանգանակում են գումար, կատարում փոխանցումներ: Մենք Հայաստանի ու Արցախի կողքին ենք: Եվ միասին շարունակելու ենք մեր պայքարը:
-Մի կարևոր փաստի ուշադրություն դարձնենք. ադրբեջանցիները ռազմաճակատի առաջին գիծ են ուղարկում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին՝ լեզգիներ, թալիշներ, թաթեր, ցախուրներ…որոնք այդ երկրի տարածքի տեղաբնիկ ազգերն են: Եվ դրանով իսկ կատարում են նաև էթնիկ զտումներ: Մինչդեռ մենք ականատեսն ենք, որ Հայաստանի ազգային համայնքները բոլոր ժամանակներում մեր երկրի կողքին են և պատերազմական իրավիճակում կամավոր են մեկնում՝ զինակից դառնալով հայ զինվորին:
-Որովհետև Հայաստանն այն երկիրն է, որտեղ մենք կարողանում ենք պահպանել մեր մշակույթն ու ինքնությունը: Երբեք չենք զգացել որևէ ազգային-կրոնական խտրականություն: Հայաստանը բոլորիս հայրենիքն է, և մենք ամեն պահի պատրաստ ենք լծվելու նրա պաշտպանությանը:
-Մարդկության պատմության ամբողջ ընթացքում, հայ ռազմիկին զինակից են եղել հոգևորականները՝ Վեհափառ հայրապետերից, եպիսկոպոսաց դասից՝ մինչև դպիրներ: Այսօր էլ հոգևոր դասը՝ բանակի կողքին է: Այսօր էլ Արեւելքի Ասորական Եկեղեցին կանգնած է մեր կողքին, ինչպես պատմության բոլոր ժամանակներում:
-Միանշանակ: Այսօր էլ ասորական համայնքն ունի հոգևորական՝ ի դեմս ինձ , ով ամեն պահի պատրաստ է զինվորագրվել և կանգնել հայ հոգևոր եղբայրնեի կողքին: Ունենք նաև երեք երիտասարդ սարկավագ, ովքեր ևս պատրաստ են մեկնել ռազմաճակատ: Իմ զինվորական ծառայությունն անցել է Արցախում, ունեմ ավագ սերժանտի կոչում, և հաշվառված եմ պահեստազորում: Մենք միասնական ենք՝ կանգնած մեր բանակի կողքին: Աղոթում ենք, որ մեր ժողովրդի և զինվորների համար: Ինչպես Հայ Առաքելական եկեղեցու հայրերն են զինվորագրված Հայատանի ու Արցախի պաշտպանությանը, այնպես էլ՝ մենք:
-Սեպտեմբերի 8-ի առավոտյան, թշնամու ուժերը թիրախավորեցին ու ռմբակոծեցին Շուշիի ու Արցախի վերածննդի խորհրդանիշ՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին: Արդյո՞ք սա մշակութային ցեղասպանության դրսևորում չէր, հոգևոր մարտահրավեր՝ ուղղված մեզ:
-Իհարկե: Դա ահաբեկչության դրսևորում էր: Որևէ կրոնական, մշակութային կառույց ռմբակոծելը միջազգային հանցագործություն է: Նրանք մեկ անգամ ևս ի ցույց դրեցին իրենց հրեշավոր դեմքը: Ինչպես 100 տարի առաջ էին ավերում քրիստոնեական տաճարները, այնպես էլ այսօր են թիրախավորել եկեղեցիները: Հիմա իրենք փորձում են աշխարհին համոզել, թե դա պատահականություն էր: Բայց միևնույն է, չեն կարող ապացուցել: Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին երկրորդ անգամ ռմբակոծելով՝ նրանք բացահայտ ցույց տվեցին, որ այս պատերազմում իրենց նպատակը նաև հավատի տաճարները ոչնչացնելն է: Լինելով քրիստոնյա ազգ՝ մենք նույնպես մեծ ցավ զգացինք Ս. Ամենափրկիչ եկեղեցու վրա այդ հարձակումից: Սա դիտարկում եմ որպես սպառնալիք ՝ ուղղված բոլոր քրիստոնյաներին:
Մենք Արցախում, Հայաստանում տեսել ենք լքված մզկիթ , այլ կառույցներ , որոնք պատկանում են իսլամական մշակույթին: Բայց հայերն իրենց երբեք թուլ չեն տվել՝ դրանց հանդեպ վանդալիզմի որևէ դրևորում: Մինչդեռ ուրիշ է նրանց ձեռագիրը: Դա նրանց բնութագիրն է:
-Տեր Հայր, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ռմբակոծությունից հետո հնարավոր վտանգ տեսնու՞մ եք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի ու վարձկան ահաբեկիչների կողմից կթիրախավորվեն նաև մեր մյուս հնավանդ վանքերն ու եկեղեցիները …
-Իհարկե: Նրանց մշտական թիրախում եկեղեցիներն են: Այդպես էր նաև Արցախյան պատերազմի ժամանակ: 1990-ական թվականներին վնասվել էին նաև Դադի վանքը, Ամարասի վանքը: Բայց վերականգնվեցին: Նորից կվերականգնվի նաև Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին՝ որպես վերածննդի խորհրդանիշ դարձյալ աղոթքի կանչելու հավատացյալներին :
Այսօր նրանց մեջ նորից արթնանում է իրենց ցեղասպան գենը: Թիրախավորվում և ռմբակոծվում մեր մշակութային կառույցները, դպրոցները, հիվանդանոցները, խաղաղ բնակավայրերը…Իսկ միջազգային հանրությունը լռում է: Եվ այդ լռության հետևանքները վաղն ուղղվելու է իրենց դեմ. սա պետք է բոլորը գիտակցեն:
Բայց մեկ է, մեր ծանր պայքարի արդյունքում նորից հառնելու է Արցախը: Աստված կպահպանի Հայատանն ու Արցախը:
-Այս օրերին ո՞րն է Ձեր՝ հոգևոր հոր ուղերձը բոլորիս: Ո՞րն եք համարում մեր պայքարը հաղթանակով պսակելու, պատմական ճշմարտությունն ամրագրելու, ու հետագա ուղին շարունակելու համար:
-Ռազմաճակատում մարտնչող մեր բոլոր զինվորներին ու կամավորներին մաղթում եմ, որ խաղաղ լինի Հայաստանի ու Արցախի երկինքը:Եվ նրանք շուտով վերադառնան իրենց օջախները: Լինեն տոկուն, անկոտրում: Եթե Ադրբեջանի թիկունքին կանգնած են Թուրքիան ու վարձկան ահաբեկիչները, մեզ հետ է Աստված: Համոզված եմ, որ խաղաղություն է լինելու: Ուզում եմ մեր բոլոր հայրենակիցներին դիմել ու ասել, որ շարունակենք լինել համախմբված: Այսօր բանակին հզոր թիկունք է պետք, որ կարողանանք կանգնել թշնամու դեմ, ու հաղթել:
-Հայաստանն ու Արցախը Արևելքի քրիստոնյա միջնաբերդն են: Այսօր կարո՞ղ ենք վստահորեն փաստել, որ այս լայնամասշտաբ պատերազմը Հայաստանի ու Արցախի դեմ՝ այն էլ վարձկան ահաբեկիչների ներգրավվածությամբ, մարտահրավեր է ամբողջ քրիստոնյա աշխարհին, որը դեռ շատերը՝ արտաքին աշխարհում չեն հասկանում:
-Որքան էլ փորձեն խնդիրը ներկայացնել իբրև կոնֆլիկտ, ապացուցել, որ սա կրոնական հողի վրա չի կատարվում, միևնույն է. այդպես չէ: Մեկ դար առաջ աշխարհն ականատես եղավ, թե Արևմտյան Հայաստանի տարածքում ինչպես բնաջնջվեցին ու ցեղասպանության ենթարկվեցին 1.500 000 միլիոնից ավելի հայերը, շուրջ 750.000 ասորիները: Եվ դա միայն նրա համար, որ քրիստոնյաներ էին: Ցանկանում էին Արևելքը տեսնել առանց քրիստոնյաների: Սա էր նրանց գաղափարախոսության գլխավոր ուղղություններից մեկը: Նրանք այդ քաղաքականությունը շարունակում են նաև այսօր: Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունն ավարտված չէ: Այլ բան է, որ դա նրանց չի հաջողվելու:
Երբ պատերազմն ավարտվի, պետք է մեծ աշխատանքներ տանենք միջազգային կառույցների հետ, որպեսզի աշխարհին ի ցույց դնենք բոլոր փաստերը՝ կապված ահաբեկիչների և ռազմական բոլոր հանցագործությունների հետ: Եվ մենք պետք է կարողանանք հասնել նրան, որ ոճրագործ պետությունը կանգնի միջազգային դատարանի առաջ: Աստված պահապան բոլորիս:
Զրուցեց՝ Հասմիկ Պողոսյանը
NewsMedia.am
Լուրեր Հայաստանից եւ Աշխարհից