«Պապ, ես ո՛չ ընկերներիս կթողեմ, ո՛չ էլ դիրքը» . հաջորդ օրը երկուսն էլ՝ հայր ու որդի զոհվում են.Արեւելյան Ղազախստանի հայ համայնքը կրկին արձագանքել է

Ինչպես բոլոր պատերազմների թողած վերքերը, այնպես էլ մերօրյա արցախյան պատերազմի թողած վերքերը երբեք էլ չեն սպիանալու, ինչպես որ երբեք հետ չեն գալու այն ՀԵՐՈՍՆԵՐԸ, ովքեր ընկել են մարտի դաշտում հանուն հայրենիքի։ Առօրյա կյանքում մենք չէինք էլ կարող պատկերացնել, որ մեր կողքին ապրում են հրաշք տղաներ, ովքեր զգալով, որ վտանգվում է հողը հայրենի՝ սովորական տղաներից վեր են ածվելու հզոր առյուծների՝ հայրենիքի համար չխնայելով ամենաթանկը՝ իրենց կյանքը։
Արցախյան երրորդ պատերազմը խլեց հազարավոր լուսավոր կյանքեր ու մեր պատմական Հայրենիքի զգալի մասը:
Պատերազմը ինձանից խլեց իմ երկու ամենաթանկերին՝ ամուսնուս ու 19-ամյա լույսիս, հույսիս՝ ԱՐԹՈՒՐԻՍ…
Հանուն հայրենիքի՝ հանուն մեր վաղվա օրվա հանուն հայրենիքի պաշտպանության անմահության ճանապարհն են բռնել նաեւ մերօրյա ՀԵՐՈՍՆԵՐ ՀԱՅՐ ԵՒ ՈՐԴԻ ԽԱՉԱՏՐՅԱՆՆԵՐԸ:
Հունվարի 8-ին լրանալու էր 19-ամյա ՀԵՐՈՍ ԱՐԹՈՒՐ ԱՐՄԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ծառայության մեկ տարին: ԱՐԹՈՒՐԸ ծառայում էր Մարտունի-2 զորամասում: Ծառայության ընթացքում բազմաթիվ գովասանքների էր արժանացել հրամանատարության կողմից: Չարաբաստիկ սեպտեմբերի 27-ին՝ պատերազմը սկսվելու օրը, Արթուրը զորամասում էր ու իր սովորական ծառայությունն էր իրականացնում:
Պատերազմի բոթը լսելուն պես ՀԵՐՈՍԻ հայրը՝ ԱՐՄԱՆ ՇԱՀՎԱԼԱԴԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, ով հմուտ վարորդ էր, նույն օրը թողնելով 14-ամյա կրտսեր որդուն ու տիկնոջը՝ տիկին Նառային, միանգամից, որպես կամավոր մեկնում է որդու մոտ՝ միասին հայրենիքը պաշտպանելու:
ՀԵՐՈՍ ՏՂԱՅԻ ԵՒ ՀԵՐՈՍ ԱՄՈՒՍՆՈՒ մասին Newsmedia.am-ի հետ զրույցում ՀԵՐՈՍԱԾԻՆ ՄԱՅՐԸ ԵՒ ԿԻՆԸ՝ Տիկին Նառան, հուզմունքը խեղդելով պատմում էր.
- Պատերազմի ողջ ընթացքում՝ երբեք ոչ մի մանրամասներ չեն ասել. մշտապես փորձել են մեզ հանգստացնել՝ ասելով ամեն բան նորմալ է:
Դուք Ձեզ լավ նայեք: Հայր ու որդի առաջնագծի դիրքերում հրետանավորներ էին: Որդիս՝ Արթուրը, իր բնավորության համաձայն միշտ զուսպ էր, երբեք որեւէ տագնապ, խուճապ անգամ ձայնի մեջ չեմ նկատել: Մինչեւ հոկտեմբերի 22-ը հայր ու որդի անխնա պայքար են տարել հակառակորդի դեմ: Որդուս հետ խոսել եմ մեկ օր առաջ, ասեց լավ ենք, սաղ նորմալ է: Ամուսինս զանգեց իրենց զոհվելու օրը՝ նույն բանն ասաց, որ չանհանգստանք: Հոկտեմբերի 23-ից կապը կտրվեց. իմացանք, որ իրենց դիրքը F-16-ով ռմբակոծել են, որտեղ գտնվել են հայր ու որդի եւ էլի եւս երկու զինծառայող:
Ապա խորը շունչ քաշելով ՝ հերոսածին մայրը շարունակեց.
-Մինչեւ նոյեմբերի 21-ը՝ հայր եւ որդի համարվում էին ահայտ կորած… չեմ ուզում, չեմ էլ կարող նկարագրել այն ապրումները, որոնք ես եմ ունեցել ու մինչ օրս ունեմ՝ դա չի էլ անցնելու: Պատերազմը ինձանից խլեց իմ երկու ամենաթանկերին՝ ամուսնուս ու 19-ամյա լույսիս, հույսիս՝ ԱՐԹՈՒՐԻՍ:
Գուցե հայր ու որդի այդպես էլ անհայտ կորածների ցուցակը շարունակեին համալրել, եթե չլիներ Կարմիր Խաչը.
-Նոյեմբերի 21-ին Կարմիր խաչը հակառակորդի տարածքից դուրս է բերել որդուս եւ ամուսնուս դիրերը, բայց էլի նույն օրը մեզ չհասավ որդուս եւ ամուսնուս սառած մարմինները: ԴՆԹ-ի պատասխաններից հետո միայն՝ հունվարի 4-ին, հողին հանձնեցինք երկու ՀԵՐՈՍՆԵՐԻՍ մարմինները:
Որդեկորույս մայրը շատ բան չգիտի պատերազմի դաշտում ՝ ՀԵՐՈՍ որդու եւ ամուսնու կատարած սխրանքների մասին, բայց ծառայակիցները հասցրել են որոշ դրվագներ պատմել հերոսածին մայրիկին.
-Կամավորներից մեկը պատմում է, որ վերջին օրը հայր ու որդի վիճել են: Ամուսինս ասել է արի գնանք տղաս, ռմաբակոծվող դիրքում մարդ չի մնացել: Տղաս ասել է. ‹‹Պապ, ես ոչ ընկերներիս կթողեմ, ոչ դիրքը ››: Հաջորդ օրը, երկուսն էլ զոհվել են :
Որդու մասին առանձնահատուկ հպարտությամբ է խոսում տիկին Նառան.
Շատ հայրենասեր, ընկերասեր, հաղթանդամ ու ամրակազմ էր իմ ՀԵՐՈՍԸ, երբեւէ ինձ չի անհանգստացրել, նեղություն չի տվել երբեք: Սիրված էր թե՛ դպրոցում, թե՛ քոլեջում:
Մերօրյա ՀԵՐՈՍ ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ սովորում էր Երեւանի թիվ 180 դպրոցում:
Հավերժ փառք ու խոնհարում մեր բոլոր ՀԵՐՈՍՆԵՐԻՆ:
Ի դեպ, օրերս դարձյալ Արեւելյան Ղազախստանի հայ համայնքի եւ Թումասյանների ընտանիքի նախաձեռնությամբ Խաչատրյանների ընտանիքին էր տրամադրվել 300 հազարական դրամ՝ ի աջակցություն իրենց կյանքը հանուն հայրենիքի նվիրաբերած ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻ ընտանիքին:
Պատրաստեց՝ NewsMedia.am-ի թղթակից
ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆԸ