«ԱԱԾ-ի և ՆԳՆ-ի քթի տակ երեխաների առևանգման բանդա է գործել». Հրանուշ Խառատյան
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««508 մայրերի բողոքներից 101-ը հաղորդում է հանցագործության մասին...» «Շղթա է գործել. նախ մորը խաբել են, ասել, որ երեխան մահացած է կամ թերաճ, կամ այլ պատճառաբանությամբ երեխային վերցրել են մորից, ապա հանձնել մանկատուն, որտեղից էլ իրականացվել է ապօրինի որդեգրումը դեպի արտասահման»: Պարզ է, չէ՞, թե ինչո՞ւ երեխա որդեգրել ցանկացող ՀՀ ընտանիքներն այնքան անցանակալի էին Հայաստանի մանկատների տնօրինությունների համար: Մի կողմից չէին կարող վճարել կամ շատ վճարել, մյուս կողմից Հայաստանում ավելի հեշտ էր «կորած» երեխաների հետքի վրա ընկնել: Փաստացի, երեխաների առևանգման բանդա է գործել ԱԱԾ-ի և ՆԳՆ քթի տակ, եթե ոչ դրանց մասնակցությամբ: Մարմիններ, որոնք ունեցել են օպերատիվ-հետախուզական տեխնիկական և մարդկային հնարավորություններ, այդ թվում գաղտնասլումների իրավունք և հնարավորություններ: Սրանից էլ ծանր հանցագործությո՞ւն: Ինչ որ չափով բանդայի գործունեության սխեմաները, ծավալները և, վստահաբար, պետական այլ մարմինների հովանավորությունը գուցե պարզի, բայց նույնիսկ անզեն աչքով էլ երևում է, որ բանդա է գործել:
Սա լրացուցիչ հաստատում է, որ 3 միլիոն բնակչությամբ երկրում առատորեն գործող օպերատիվ-հետախուզական վեց մարմինները, իրենց ողջ գործակալական ցանցերով, այդ նույն երեխաների ծնողների վճարած հարկերի տնօրինմամբ, կապ ունեն սույն հանցագործությունների հետ կամ շա՜տ, մեղմ ասած, հանցավոր անփութություն են ցուցաբերել: Տարօրինակ չէ՞, որ այս օպերատիվների, հետախույզների ներդրած ագենտուրայի որևէ ներկայացուցիչ «չի նկատել/չի տեսել/չի զեկուցել» կատարվողի մասին: Իսկ Առողջապահության նախարարությո՞ւնը: Տարօրինակ չի՞ թվացել պաշտոնապես մահացած, հիվանդ, արատավոր հայտարարված երեխաների թվաքանակը, նրանց անհետացումները և մանկատներում հայտնվելը: Այդ բանդայի առկայության պայմաններում բա ինչպե՞ս հավատանք, որ գաղտնալսումները ոչ թե քաղաքական հետապնդումների նպատակ են ունեցել/ունեն, այլ հանցագործություններ կանխարգելելու կամ բացահայտելու: Խնդիրը բարձրաձայնած նորածնի մորը՝ Հայկուհի Խաչատրյանին, էլ քիչ մնաց հոգեկան շեղումների մեջ մեղադրեին:
Մեր օպերատիվ-հետախուզական լիազորություններով վեց մարմինները դեռ քանի՞ այս կարգի բանդայի մասին կանխատեսումներ կամ թաքցված փաստեր ունեն: Այդ թվում՝ թրաֆիքինգի ոլորտում, աշխատանքային ստրկացման ոլորտում:
Վերջ ի վերջո, բանդայի մի տեսակ էլ պոչամբարների ավերները և Արարտյան դաշտի անապատցման ընթացքը թաքցնողներն են»:
