Այսօր նշվում է Հայաստանի լեռների եւ լեռնագնացների օրը
Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան ԱՄՆ-ի, Բեյրութի եւ այլ երկրների հայ լեռնագնացների հետ համատեղ, որոշել է ամեն տարի հոկտեմբերի 9-ը նշել որպես Հայաստանի լեռների եւ լեռնագնացների օր: Այս մասին տեղեկացնում են ֆեդերացիայի մամուլի ծառայությունից: Այդ նպատակով Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան պաշտոնական նամակով դիմել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը: Ամեն տարի տոնը նշելու համար կանցկացվեն մի շարք միջոցառումներ, որոնց կմիանան տարբեր երկրներում ապրող հայ լեռնագնացները: Հայաստանի լեռների եւ լեռնագնացների օր ընտրվել է հոկտեմբերի 9-ը, քանի որ 1829-ի հոկտեմբերի 9-ին (հին տոմարով` սեպտեմբերի 27-ին) Դորպատի (այժմ` Տարտու) համալսարանի պրոֆեսոր Ֆ.Պարրոտի արշավախմբի հետ Խաչատուր Աբովյանն առաջին անգամ բարձրացել է Արարատ լեռան գագաթը: