Եռյակում միասնականություն տեսե՞լ եք․ Վ․ Բաղդասարյանը հավաստիացնում է՝ ՀՀԿ-ի դռները բաց են (Video)
1in.am-ը գրում է. «Այն խնդիրը, որը 12, թե 22 կետերի հետ է կապված, մենք միշտ պատրաստ ենք քննարկել և հնարավորության սահմաններում՝ այն, ինչ այսօր թույլ է տալիս մեր բյուջեն, ինչ թույլ են տալիս մեր հնարավորությունները, պատրաստ ենք այդ խնդիրներին անդրադառնալ և դրական լուծումներ տալ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ոչ իշխանական ուժերի 12 պահանջներին ու դրանց վերաբերյալ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությանը:
Երեկ տված իր հարցազրույցում Սերժ Սարգսյանն անդրադառնալով ոչ իշխանական քառյակի այդ 12 պահանջներին՝ ասել էր, թե կառավարությանն առաջարկել է մեկ անգամ էլ անդրադառնալ դրանց: Արդյոք Ս.Սարգսյանն իր այդ հայտարարությունն արեց ՀԱԿ, «Բարգավաճ Հայաստան» և «Ժառանգություն» կուսակցությունների համատեղ պայքարը լռեցնելու կամ այդ պայքարից զգուշանալու պատճառով: «Եռյակի պայքար ասելով՝ ի՞նչ նկատի ունեք, դուք միասնական պայքար տեսե՞լ եք: Ի՞նչ հայտարարություն են արել այդ մարդիկ, ի՞նչ ծրագրով են հանդես եկել»,- հարցնում է Վ.Բաղդասարյանը:
Բայց չէ՞ որ եռյակի այդ ուժերն արդեն իշխանափոխության խնդիր էին դրել: «Իշխանափոխության հիմքեր բացարձակ չկան: Ինձ թվում է, նրանք պատրաստվում են 2017թ. Ազգային ժողովի ընտրություններին, ինչը ողջունում եմ»,- ասաց Վ.Բաղդասարյանը:
