ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը մասնակցել է Արարատի Ճգնաժամային կառավարման կենտրոնի բացմանը
Հուլիսի 3-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մասնակցեց Արարատի Արտաշատ քաղաքում մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի բացմանը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը և Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը:
Մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մուրադ Մարգարյանի և ՃԿԿ պետ, փ/ծ կապիտան Զորիկ Մարգարյանի ուղեկցությամբ նախարարը շրջեց նորաբաց ՃԿԿ-ում, ծանոթացավ իրավիճակային կենտրոնին, խորհրդակցությունների և կապի սենյակների ու դահլիճի հնարավորություններին, աշխատակիցների հանգստյան սենյակի պայմաններին, ինչպես նաև` հաշմանդամների համար նախատեսված հատուկ հարմարություններին: ՏԿԱԻ նախարարը զրուցեց նաև Արարատի ՃԿԿ-ի աշխատակազմի հետ, որում ընդգրկված է հաշմանդամություն ունեցող մեկ անձ:
ՀՀ ՏԿԱԻ ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը նախարարին ներկայացրեց կենտրոնի տեխնիկական հագեցվածությունն ու հնարավորությունները: Ըստ նրա՝ օդերևութաբանական համակարգը թույլ է տալիս կանխատեսել մարզի եղանակային պայմանները, որը գրանցվում է ՃԿԿ-ի մոնիթորներին: ՃԿԿ-ում հստակ գրանցվում է նաև մարզի սեյսմիկ ակտիվությունը: Տեղադրված թվային քարտեզների վրա կենտրոնում երևում են նաև մարզի ենթակառուցվածքները և հատուկ նշանակության օբկյեկտները: Կենտրոնում գործում է GPS համակարգ, որի միջոցով մոնիթորների վրա երևում է շտապօգնության և փրկարարական մեքենաների տեղաշարժը, ինչը անձնակազմին թույլ է տալիս ճիշտ կողմնորոշվել: ՃԿԿ-ում շաբաթական ստացվում է շուրջ 1500 զանգ: Հ. Խանգելդյանի խոսքով` սպասարկվող զանգերի թիվը միտում ունի աճելու:
Ընդհանուր առմամբ դրական գնահատելով Արարատի ՃԿԿ-ի կառուցման աշխատանքները՝ նախարար Ա.Երիցյանը խստագույնս հանձնարարեց բնակիչների զանգերին պատասխանել բարեհամբույր և պատշաճ կերպով:
- 911 հեռախոսահամարին եկող բոլոր զանգերը պետք է պատշաճ պատասխան ստանան, նույնիսկ եթե ձեզ հետ կխոսեն կոպիտ և ոչ բարեհամբույր: Մեզ զանգող յուրաքանչյուր քաղաքացի մեր օգնության կարիքն ունի: Պատասխան պետք է ստանան նաև այն զանգերը, որոնք դուրս են մեր գործառույթների շրջանակից,-ասաց Ա. Երիցյանը։
Լրագրողների հետ զրույցում ՏԿԱԻ նախարարը նշեց, որ մարզում «911» ծառայության տեղայնացումը մեծապես կբարելավի փրկարարական ծառայության որակը.
- Արարատի մարզային ՃԿԿ-ն նորաբաց կենտրոնների շարքում 6-րդն է, իսկ օգոստոսին արդեն բացված կլինեն բոլոր տասը մարզային ՃԿԿ-ները: Ինչպես գիտեք, 911 ծառաությունը ՀՀ մարզերում տեղայնացվել է, ինչի շնորհիվ մարզի բնակիչներից ստացվող զանգերը ոչ թե նախկինի նման ընդունվում են Երևանում, ապա փոխանցվում մարզ, այլ՝ անմիջապես դրանց պատասխանում են մարզային ՃԿԿ-ի աշխատակիցները: Սա անկասկած մեծ արդյունավետություն կապահովի փրկարարական ծառայության մատուցման և դեպքերին արագ արձագանքման տեսանկյունից, - եզրափակեց նախարարը:
ՏԿԱԻ նախարարի հանձնարարականով՝ ամեն օր ՃԿԿ-ից մարզային օպերատիվ տվյալները զեկուցվելու են մարզպետին, Արտաշատի քաղաքապետին, առողջապահության ոլորտի պատասխանատուներին, ինչպես նաև` իրավապահ մարմիններին:
Նշենք, որ Հայաստանի 5 մարզերում արդեն գործում են Ճգնաժամային կառավարման կենտրոններ (Լոռի, Շիրակ, Տավուշ, Գեղարքունիք, Սյունիք)։
