Հյուսիսային համալսարանի ավագ դպրոցը 10 տարեկան է
<Մեր սիրելի դպրոց, եկել է պահը երախտիքի խոսքն ասելու առ այն, որ դու եղել ես այն վարար աղբյուրը, որից մենք ըմպել ենք գիտելիքի ու կրթության անմահական ջուրը>. այսպես սկսվեց դեկտեմբերի 15-ին Հյուսիսային համալսարանում կազմակերպված միջոցառումը՝ նվիրված ավագ դպրոցի 10-ամյակին: Միջոցառումը սկսվեց ողջույնի խոսքերով, շնորհավորանքներով, որոնք հնչեցին սաների և դպրոցի կայացման գործում իրենց ավանդը ներդրած մարդկանց շուրթերից: Առաջին շնորհավորանք-բարեմաղթանքը հղեց Հյուսիսային համալսարանի ռեկտոր, 10-ամյա կրթական համալիրի ղեկավար Բորիս Մակիչյանը: Ներկա էին նաև դպրոցի նախկին տնօրենները՝ Արմեն Սահակյանը, Թամարա Բաղդասարյանը, Մերի Այվազյանը և ներկայիս տնօրեն Նինա Ավագյանը, ինչպես նաև տարբեր տարիների շրջանավարտներ և ուսուցչական կազմը: Դպրոցի սաները ոգեշունչ ելույթներով հիշեցին իրենց անցած ուղին՝ ներկայացնելով 10-ամյա դպրոցի պատմությունը:
Տպավորիչ էր հատկապես 10-րդ դասարանի աշակերտուհի Էմմա Վանյանի հայկական պարի յուրօրինակ կատարումը, իսկ 2013թ. շրջանավարտները հանդես եկան պարային տարբեր համարներով: Միջոցառումը եզրափակվեց 11-րդ դասարանի աշակերտուհի Լիլիանա Կարճիկյանի երգի հնչյուններով, տոնական տորթով և մեծ հրավառությամբ:
ԶԱՐՈՒՀԻ ՍՄԲԱՏՅԱՆ, լրագրության 2-րդ կուրս
